Լիտվան պատրաստակամ է աջակցելու ՀՀ բարեփոխումների օրակարգին. ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին

Armenpress 18:41, 26 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով նախարարին՝ Արարատ Միրզոյանը հիշատակեց, որ Լիտվան առաջինն էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 2005-ին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների օրերին Լիտվայի ԱԳ նախարարի այցը, որը տեղի է ունենում կորոնավիրուսային համավարակի պայմաններում: Այս փաստը, ըստ ԱԺ նախագահի, վկայում է երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

«Խորհրդարանի խոսնակն անդրադարձավ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիային եւ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության պարտավորությունների չկատարմանն Ադրբեջանի կողմից: Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության 8-րդ կետը, հրաժարվում  վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց՝ նրանց նկատմամբ արհեստական քրեական գործեր հարուցելով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ նախագահը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, քանի դեռ չի իրացվել արցախահայերի ազատ ինքնորոշման իրավունքը, եւ անհրաժեշտ է շարունակել այս ուղղությամբ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել լիտվացի մի խումբ պատգամավորների սկզբունքային դիրքորոշումը, որով կոչ էր արվում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձի գործընթացը:

ՀՀ ԱԺ-ից նաև հայտնում են, որ Լիտվայի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նա ընդգծել է, որ չնայած համավարակի եւ պատերազմի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակին՝ Հայաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարության արժեքներին եւ Լիտվայի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցելու բարեփոխումների օրակարգին:

«Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նա հայտնեց, որ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ զերծ մնալ հայկական մշակութային ժառանգության վերացումից, եթե ցանկություն ունի կառուցողական երկխոսություն ծավալել»,- նշված է հաղորդագրության մեջ, որի համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ոլորտային բարեփոխումների օրակարգը եւ հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական, միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության վերաբերյալ հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am