Հայոց ցեղասպանության ճանաչումն այլընտրանք չի կարող ունենալ. «Եղեռն» եւ «ցեղասպանություն» բառերի կիրառման առանձնահատկությունները

Armenpress 08:52, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա ԳԶՈՅԱՆԻ հետ։

-Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած քաղաքականությունը վկայում է, որ նրանք չեն պատրաստվում հրաժարվել ավելի քան մեկ դար առաջ սկսված եւ մինչ օրս շարունակվող ցեղասպանական գործողություններից։ Որքանո՞վ եք հիմնավոր համարում նման գնահատականը։

-Ցեղասպանագիտության մեջ ընդունված տեսության համաձայն՝ ժխտումն ուղեկցում եւ հաջորդում է ցեղասպանության հանցագործությանը: Սրա դասական օրինակը Հայոց ցեղասպանությունն է: Մենք ականատեսն ենք, թե ինչպես Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ պետության իրավահաջորդը շարունակում է ամենատարբեր միջոցներով ժխտել ցեղասպանությունը՝ անգամ մեղադրելով զոհին: Ավելին՝ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ականատես եղանք, թե ինչպես հակահայկականության ալիքն ու ատելության խոսքն ավելի սաստկացան ինչպես Թուրքիայում եւ Ադրբեջանում, այնպես էլ եվրոպական այն երկրներում, որտեղ կան թուրքական համայնքներ: Այսինքն՝ ակնհայտ է, որ ցեղասպանության հանցագործության ժխտումը եւ դատապարտված չլինելու հանգամանքը հիմք են դառնում դրա շարունակականությանը: Ցեղասպանական գործողությունների մենք ականատես եղանք նաեւ ռազմի դաշտում: Այստեղ եւս գործողությունների մեջ ակնհայտ երեւում էր Հայոց ցեղասպանության հետ անմիջական կապը միջոցների, մեթոդների եւ կանխամտածվածության հարցերում: Կրկին թիրախավորվում է հայը, որին ցանկանում են զրկել կյանքից, իր բնօրրանում ապրելու եւ արարելու հնարավորությունից: Հատկանշական է, որ պատերազմի ընթացքում մի քանի տասնյակ ցեղասպանագետներ հանդես եկան ուղերձով, որում տեղի ունեցող իրադարձությունները որակվեցին որպես անմիջական ցեղասպանական սպառնալիք: Թուրքական իշխանությունները եւս չէին թաքցնում իրենց վերաբերմունքը. տարբեր պաշտոնյաներ, այդ թվում` երկրի նախագահը, բազմիցս ակնարկել են, որ Թուրքիան պատրաստ է մեկ անգամ եւս «դաս տալ» հայերին, եւ որ «1915-ին հայերի տեղահանությունն ամենաճիշտ որոշումն էր»: Նույն մոտեցմանը մենք ականատես եղանք նաեւ արցախյան պատերազմի ժամանակ, երբ կրկին ակնհայտ էր Թուրքիայի ներգրավվածությունը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտ հայտարարեց, որ Թուրքիան պատրաստվում է «շարունակել կատարել իր պապերի առաքելությունը, որն իրականացվել էր մեկ դար առաջ Կովկասում»: Սա 1915-ին սկսված Հայոց ցեղասպանությունը շարունակելու բացահայտ եւ ուղղակի սպառնալիք էր:

-Միջազգային եւ հատկապես ամերիկյան մամուլում վերջին շրջանում ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ի՞նչ իրավական հետեւանքներ կունենա նման զարգացումը։

-Այսօր, առավել քան երբեւէ, իրատեսական է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որի համար ամերիկահայությունը, հայկական կազմակերպությունները, մասնավորապես Հայ դատի գրասենյակը, եւ ամբողջ հայ ժողովուրդը պայքարում են տասնամյակներով: Ուզում եմ շեշտել, որ ԱՄՆ կառավարությունն ու ժողովուրդն առաջիններից էին, որ արձագանքեցին Հայոց ցեղասպանությանը՝ մարդասիրական օգնություն առաջարկելով ցեղասպանությունը վերապրածներին, փրկելով հազարավոր կյանքեր, նաեւ իրենց երկրում ապաստան տալով: ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մի քանի ասպեկտներ ունի: Նախեւառաջ՝ դա հարգանքի տուրք կլինի անմեղ նահատակներին եւ առաջին հերթին ԱՄՆ-ում բնակվող՝ Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների ժառանգներին: Ճանաչումը կունենա հստակ քաղաքական ուղերձ: Որպես գերտերություն՝ ԱՄՆ-ի ճանաչումը քաղաքականապես կազդի ինչպես Թուրքիայի, այնպես էլ բոլոր այն պետությունների վրա, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Առավել մեծ կլինի Թուրքիայի հեղինակությանը հասցված վնասը, քանի որ, ըստ էության, կճանաչվի վերջինիս ոչ միայն ցեղասպան երկիր լինելու, այլեւ, մեղմ ասած, հանցանքը թաքցնողի փաստը: Հավանական է նաեւ որոշակի ազդեցություն հենց թուրք հասարակության վրա, որը գուցե սկսի կասկածի տակ առնել իր պետության մոտեցումները: Հնարավոր հետեւանքներից կարող են լինել իրավական որոշ գործընթացների նախաձեռնումը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրածների ժառանգների կողմից՝ ունեցվածքի հետ կապված հարցերով, քանի որ ճանաչումով կչեզոքացվի «քաղաքական հարցի դոկտրինը», որով դատարանը Հայոց ցեղասպանության հարցը կարող է համարել քաղաքական՝ հղելով ԱՄՆ կառավարության կողմից ճանաչված չլինելու հանգամանքը: Վերջապես՝ կարեւորագույն ուղղություններից կարող է դառնալ կրթական բաղադրիչը՝ Հայոց ցեղասպանության ուսուցումն ուսումնական հաստատություններում, եւ թանգարանների հիմնումը՝ որպես հիշողության պահպանման եւ հաղորդման միջոց: Ճանաչումից հետո հնարավոր կլինի օրենսդրորեն սահմանել Հայոց ցեղասպանության հիշողության օր կամ հիշատակի պաշտոնական միջոցառումներ, աշխատանքներ իրականացնել պատմական ժառանգության պահպանության համար, բացել պետական ֆինանսավորմամբ թանգարաններ:

-Պատահում է, որ մարդիկ հավասարության նշան են դնում «եղեռն» եւ «ցեղասպանություն» եզրույթների միջեւ։ Արդյոք դրանք համարժե՞ք են։

-Հայոց ցեղասպանությունը մեծ նշանակություն ունեցավ միջազգային քրեական եւ մարդու իրավունքների զարգացման գործում: Այն մեծապես խարխլեց պետությունների ինքնիշխանության եւ ներքին գործերին չմիջամտելու ժամանակակից կոնցեպտները՝ աշխարհի ուշադրությունը սեւեռելով ազգային փոքրամասնությունների դեմ իրականացվող ոճրագործությունների վրա: Երբ 1919 թ. Փարիզի հաշտության կոնֆերանսի ժամանակ ստեղծված Պատերազմի հեղինակների պատասխանատվության եւ պատիժների սահմանման հանձնաժողովն սկսեց քննել հայերի հանդեպ Օսմանյան կայսրությունում իրականացված ոճիրները, կանգնեց այն փաստի առաջ, որ չկար մի եզր, որը կսահմաներ այդ հանցանքները: Ուստի քննարկվում էր հանցագործության նոր տեսակի ընդունման հարցը, որը կվերաբերեր հայերի դեմ իրականացված ոճիրներին՝ որպես մարդկության օրենքների դեմ ուղղված ծանր հանցանքներ: Հիշեցնեմ, որ դեռ 1915 թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության եւ կոտորածների առնչությամբ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ հայերի դեմ իրագործվող ոճիրներն անվանելով մարդկության եւ քաղաքակրթության դեմ ուղղված նոր հանցագործություններ, որոնց համար անձնական պատասխանատվությունը դրվում էր թուրքական կառավարության վրա: Չնայած բազմաթիվ քննարկումներին՝ համարձակություն չեղավ սահմանելու միջազգային նոր հանցագործության տեսակ, ինչի համար հետագայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, միջազգային իրավական համակարգը կրկին բախվեց մարդկության դեմ ուղղված հանցագործությունների սահմանման եւ կիրառման խնդիրներին: 1930-ական թթ. ծագումով հրեա լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ուսումնասիրելով նաեւ Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. հայերի դեմ կատարված հանցագործությունները, ստեղծեց «գենոցիդ»՝ ցեղասպանություն եզրույթը, որից մի քանի տարի անց ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան», որն առաջին անգամ սահմանեց հանցագործության նոր տեսակ: Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո վերապրածներն սկսեցին տարբեր բառերով անվանել այն, ինչի միջով անցել էին՝ աղետ, կոտորած, ջարդ, սարսափներ եւ այլն: Վերապրածները լայնորեն կիրառել են «Եղեռն», «Մեծ եղեռն» եզրերը՝  հանցագործությունն իրենց պատկերացմամբ բնութագրելու համար: Մեծ եղեռնն իր նշանակությամբ հավասարազոր է Հոլոքոստ, Շոա, Սեյֆո եզրույթներին, որոնք իրավական եզրույթներ չեն: Կարծում եմ, որ բառը պատահական չէր ընտրված. հայերեն ստուգաբանությամբ Եղեռն բառը ոչ միայն հոմանիշն էր ջարդ եւ ոճիր բառերի, այլեւ նշանակում էր քրեական հանցանք: «Մեծ եղեռնը» այն եզրույթն էր, որն ստեղծվեց եւ կիրառվեց վերապրածների ու նրանց սերունդների կողմից ժողովրդական, նաեւ պաշտոնական խոսքում՝ մինչեւ գենոցիդ-ցեղասպանություն եզրույթի ստեղծվելը, հանցագործության իրավական սահմանումը: Թեեւ անհերքելի է, որ «Մեծ եղեռն»  եզրը շարունակում է ունենալ զանգվածային գործածություն, այդուհանդերձ իրավական տեսանկյունից, միջազգային հանցագործության հանգամանքը շեշտելու համար, անհրաժեշտ է կիրառել «ցեղասպանություն» եզրը:

Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am