Մխիթար Հայրապետյանն ու Լիբանանի երիտասարդության, սպորտի նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր

Armenpress 16:38, 22 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

Մխիթար Հայրապետյանը երախտագիտություն է հայտնել Լիբանանի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին ներկայացուցչական կազմով մասնակցելու համար: Ընդգծելով երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նա նշել է, որ Եղեռնից հետո հյուրընկալ Լիբանանը հայրենազրկված հայերի համար դարձավ երկրորդ հայրենիք:

«Ի նշան երախտագիտության՝ հայերն իրենց ներդրումն ունեցան Լիբանանի քաղաքական, մշակութային եւ սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում: Լինելով այդ պետության լիարժեք ինտեգրված քաղաքացին՝ հայը պահպանում է իր ինքնությունն ու ազգային կերպարը»,-ասել է Հայրապետյանը:

Մխիթար Հայրապետյանը համոզմունք է հայտնել, որ ինչպես դժվարին ժամանակներում, այնպես էլ լուսավոր ապագայում երկու ժողովուրդները սատարելու են միմյանց:

«Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել Լիբանանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա կարեւորել է Լիբանանի պատշաճ գնահատականն Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ այդ օրերին հայ ժողովուրդը մշտապես զգացել է բարեկամ երկրի աջակցությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Վարդինե Օհանյանն իր հերթին ընդգծել է, որ հայ-լիբանանյան կապերը պայմանավորված են երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններով, որտեղ առանցքային դեր ունի լիբանանահայ համայնքն իր ստեղծարար աշխատանքով:

«Անդրադարձ կատարվեց կոնկրետ ծրագրային փոխգործակցությանը, մասնավորապես՝ գործադիրի մակարդակով համագործակցության համատեղ փաստաթղթի ստորագրմանը: Այս առումով Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց, որ իր գլխավորած հանձնաժողովն ունեցած իրավասության շրջանակում հուսալի գործընկեր է»,- հայտնում է ԱԺ-ն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթական բարեփոխումների, հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացման, մշակութային կապերի ամրապնդման, Շախմատի ֆեդերացիաների համագործակցության շուրջ: 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Արթուր Մանուկյանը և Հակոբ Ասլանյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am