Պատերազմից հետո հոգեբանական վերականգնման ծառայություն կմատուցվի բնակիչներին. հատկացվեց 100 մլն դրամ

Armenpress 12:14, 22 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց 100 մլն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայություն ստանալու համար:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականի փետրվարի 4-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը հաստատելու մասին» կառավարության  որոշման պահանջներից:

Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով ԱԻՆ-ի կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռք բերման հրատապ բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»:

«Ծառայությունը մատուցվելու է մրցույթի  արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում: Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին  իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության (թվով՝ 10 հազար շահառու)  հոգեբանական վերականգնումը»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ այս ծառայությունները մատուցվելու են հասարակության բոլոր խավերին՝ առանց սահմանափակումների, սակայն առաջնահերթությունը տրվելու է զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am