Հայոց ցեղասպանության թանգարանը Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանն ակնկալում է ստանալ ապրիլի 24-ին

Armenpress 15:19, 21 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանն ակնկալում է ստանալ ապրիլի 24-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դա կարևոր քայլ կլինի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործում: 

«Պաշտոնապես տեղեկացվել ենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը տեղ հասել է: Պատասխանն ակնկալում ենք ապրիլի 24-ին: ԱՄՆ նախագահի ճանաչումը մեծ բան է փոխելու, որովհետև ԱՄՆ-ն աշխարհի գերհզոր պետություն է, ՆԱՏՕ-ի առաջատար անդամներից է: Հույս ունեմ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կունենա շարունակություն առանձին օրենքների, առանձին սանկցիաների տեսքով այն պետության նկատմամբ, որը 100 տարի առաջ իրականցրել է ցեղասպանություն, և որը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը մեր օրերում: Այսինքն՝ այդ պետության վերաբերմունքում ոչինչ չի փոխվել Հայաստանի հանդեպ: Մենք դա տեսանք վերջին պատերազմի ժամանակ, երբ նպատակաուղղված ագրեսիվ քաղաքականություն էր տարվում Հայաստան պետության դեմ: Կարծում եմ, որ դա (խմբ. Ցեղասպանության ճանաչումը- խմբ.) սաստելու նման մի բան կլինի»,- ասաց Հարություն Մարությանը:

Ապրիլի 14-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը պաշտոնական նամակով դիմել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am