ԱՄԷ Կարմիր մահիկի կազմակերպությունը հումանիտար օգնություն է տրամադրել Արարատի մարզի կարիքավոր ընտանիքներին

Armenpress 21:44, 20 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին ապրիլի 20-ին  ներկա է գտնվել ՀՀ Արարատի մարզում 80 կարիքավոր ընտանիքներին սննդի արկղեր բաժանելու արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, օժանդակությունը դեսպանության միջոցով տրամադրել է Էմիրաթական Կարմիր մահիկի կազմակերպությունը 2021թ. Ռամադան ամսվա ամենամյա ծրագրի շրջանակում: «Միաժամանակ ձեռնարկվել են մարդկանց կուտակումները կանխելու կանխարգելիչ բոլոր միջոցառումները.,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում Ահլամ Ռաշիդ ալ Սալամին հանդիպել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին: Մարզպետը բարձր է գնահատել ԱՄԷ-ի օգնություն տրամադրելու նախաձեռնությունը և մարդասիրական օգնության ոլորտում նրա ջանքերը: Նա նաև ներկայացրել է մարզում գյուղատնտեսության ոլորտի ներուժը` կարևորելով  ԱՄԷ-ի և մարզպետարանի միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունը և այդ համատեքստում անդրադարձել է տեղական արտադրանքն Էմիրություններ արտահանելու հնարավորությանը:

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից հայընում են, որ Ահլամ ալ Սալամին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ: Նա նշել է, որ ԱՄԷ կառավարությունը մեկնարկել է առաջիկա հիսուն տարիների համար պարենային անվտանգության ազգային ռազմավարությունը և շարունակում է ջանքեր գործադրել երկրի գյուղատնտեսական և պարենային կարողությունները բարձրացնելու ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են երկու երկրների գործարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումներ և քննարկումներ կազմակերպել, ինչպես նաև երկուստեք պատրաստակամություն են հայտնել նպաստել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am