ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է հատկացրել Վայոց Ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին

Armenpress 21:40, 19 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էմիրաթական Կարմիր մահիկի կազմակերպությունը Հայաստանում ԱՄԷ դեսպանության միջոցով իրականացնում է 2021թ․ Ռամադան ամսվա ամենամյա նախագիծը՝ ՀՀ-ի 9 մարզերում կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունից տուժած մոտ 830 ընտանիքի տրամադրելով առաջին անհրաժեշտության սնունդ պարունակող արկղեր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից։

«Ռամադան ամսվա ընթացքում իրականացվող նախագծի համաձայն՝ այսօր՝ ապրիլի 19-ին, սնունդ պարունակող արկղեր են տրամադրվել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին` սոցիալապես անապահով 100 ընտանիքներին բաժանելու նպատակով` միևնույն ժամանակ ձեռնարկելով մարդկանց կուտակումները կանխելու բոլոր կանխարգելիչ միջոցառումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այս նախաձեռնությունն արտացոլում է ԱՄԷ-ի եղբայրական և բարեկամ երկրներին աջակցելու մշտական ձգտումը՝ ընդգծելով հումանիտար աշխատանքի կարևորությունը, որն Էմիրությունների քաղաքականության հիմնարար սկզբունքն է։ «ԱՄԷ իմաստուն ղեկավարությունը մշտապես ընդգծում է օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը բոլոր ժողովուրդներին, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում՝ առանց հաշվի առնելու քաղաքական ուղղվածությունը, աշխարհագրական դիրքը, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելությունը` միաժամանակ հիմնվելով ազնիվ մարդասիրական դիրքորոշման և պետության կողմից որդեգրված հանդուրժողականության և չափավորության մշակույթի գործնական կիրառման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am