ԼՀԿ-ն առաջարկում է տարկետում տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին

Armenpress 15:42, 16 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է տարկետում տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած և զորակոչային տարիքի հասած քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:

«Առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 5.1 մասով: Ըստ այդմ, տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը»,- ասաց Կոստանյանը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am