ՏԿԵ փոխնախարարն անդրադարձավ դիակիզարաններ ունենալու հարցին

Armenpress 15:37, 16 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ գործող օրենքում կա դիակիզարան ստեղծելու կարգավորում, սակայն Հայաստանում դեռ չկան նման չափորոշիչներին համապատասխանող մասնավոր գերեզմանատներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տերտերյանն ասաց Ազգային ժողովում` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Մենք հիմա էլ հուղարկավորությունների մասին օրենքով ունենք մասնավոր գերեզմանատների հնարավորություն, և դրանց չափորոշիչների մեջ, ի թիվս այլ պահանջների, կա դիակիզարան ունենալու պարտադիր պահանջ: Ցավոք, դեռ մենք մասնավոր գերեզմանատներ, ամեն դեպքում՝ այդպիսի չափորոշիչներին բավարարող գերեզմանատներ չունենք»,- ասաց Տերտերյանը:

Խորհրդարանում քննարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է սահմանել այն անձանց շրջանակը, որոնք իրավունք ունեն հուղարկավորվել ընտանեկան գերեզմանատանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am