1000х90.jpg (78 KB)

Հայաստանն իմ տունն է, և ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի այս երկիրը զարգանա. Մաքս Ֆլորիանի

Armenpress 15:38, 13 Ապրիլ, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսիմիլիանո Ֆլորիանին արդեն 4-րդ տարին է՝ ապրում է Հայաստանում: Տեղափոխվել է Իտալիայից, ամուսնացել երևանաբնակ Մարիամ Զաքարյանի հետ, ու երկուսով տեղափոխվել են Գյումրի: Սակայն քչերը գիտեն, որ Մաքսը կարևոր դեր է ունեցել Իտալիայի մի շարք քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման գործում։ Նա համահեղինակն է այն փաստաթղթի, որը ստորագրել են իտալական ավելի քան 20 քաղաքներ, այդ թվում՝ Միլանը, Պալերմոն, Պիզան  և այլն: Բացի այդ, Մաքսի շնորհիվ շատ իտալացիներ իմացան Արցախի երկրորդ պատերազմի մասին: Այդ ընթացքում իրականացրած աշխատանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Մաքսի և Մարիամի հետ:

-Բազմաթիվ լրատվամիջոցներ լուսաբանել են ձեր՝ Հայաստան գալը և այստեղ մնալը, բայց քչերը գիտեն, թե ինչ տիտանական և կարևոր աշխատանք եք կատարել Արցախյան պատերազմի ժամանակ. այդ օրերին դուք որոշեցիք իրավիճակի մասին լուրերը թարգմանել իտալերեն: Ինչո՞ւ եք կայացրել այդ որոշումը: Գիտեմ նաև, որ դուք դա արեցիք անվճար՝ ձեր սեփական նախաձեռնությամբ և մեծ պատասխանատվությամբ, դժվար չէ՞ր, և ո՞րն էր ամենադժվարը այս գործընթացում: Խնդրում եմ մի փոքր պատմեք լրատվամիջոցների հետ ձեր համագործակցության մասին:

-Ասեմ, որ Իտալիայում լրատվամիջոցներն այդ պատերազմին չէին  անդրադառնում: Իտալացիներից քչերը տեղեկություն ունեին իրավիճակի մասին, այն էլ՝ թերի կամ սխալ: Այդ ժամանակ երեւանցի ընկերներս ինձ հետ կապվեցին ՝ ասելով, որ պետք է ամեն օր «Արմենպրես»-ի պատերազմի տեղեկագրերը թարգմանել իտալերեն: Դրանից հետո ես համաձայնեցի թարգմանել: Այո, ես առանց վարանելու մտածեցի այդ գործն անել ու ամեն օր «Արմենպրես»-ի պաշտոնական տեղեկատվությունը թարգմանում էի.  գիտակցում էի՝ իտալական թերթերի և հեռուստատեսային նորությունները այսպես կհամալրվեն ճիշտ նորություններով: Ես գիտեի՝ քանի դեռ սարսափելի պատերազմ է, ես ոչ մի այլ բանով չէի կարող զբաղվել, իսկ այդ  թարգմանություններն իմ փոքր ներդրումն էին Իտալիայում ադրբեջանական ագրեսիայի մասին իրազեկվածության բարձրացման գործում:

-Դուք կատարել եք ևս մեկ կարևոր գործ, գիտեմ, որ զգալի ներդրում ունեցաք Իտալիայի շատ քաղաքապետարանների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևերի ճանաչման գործում:Ինչ-որ տեղ դրանք մեզ համար այդ օրերի հաղթանակն էին, ի՞նչ կասեք այդ մասին:

-Մի քանի տարի եվրոպական որոշ երկրների հայկական համայնքներ առաջարկում էին ճանաչել Արցախ պետությունը: Բայց մինչև այս վերջին պատերազմի սկիզբը առաջարկը դեռևս ուշագրավ արձագանք չէր ունեցել միջազգային կառույցների կողմից: Իտալիան կարևոր տնտեսական շահեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և ակնհայտ էր, որ Իտալիայի կառավարությունը փորձում էր զերծ մնալ՝ առանց հստակ դիրքորոշում որդեգրելու: Այդ պատճառով ես անմիջապես մտածեցի տեղական իշխանությունների մասին. տեղափոխել առաջարկությունը, այնպես անել, որ այն գա ներքևից, պատկերացրեք՝ այն Հռոմ է լցվում որպես քաղաքապետերի, մարզերի, նահանգների նախագահների խնդրանքների հեղեղ: Ու մտածեցի, որ կարող եմ օգտագործել իմ կապերը այդ նպատակի համար: Այսպիսով, հոկտեմբերի 5-ին, Միլանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանի և Իտալիայի հայկական միության հետ միասին, մենք գործողություններ ձեռնարկեցինք` առաջարկելու քաղաքապետարաններում հաստատվելիք փաստաթուղթ: Այսօր շատ քաղաքային խորհուրդներ խոսեցին և արտահայտվում են Արցախ պետության ճանաչման վերաբերյալ՝ դիրքորոշում ունենալով ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Համարձակորեն նրանց չէր անհանգստացնում էներգիայի մատակարարման տնտեսական շանտաժը, հատկապես Բաքվից Լեչե նոր գազատարի հետ կապված:

Արածը փոքր բան է Արցախի համար: Բայց այս փաստաթուղթը շատ իտալացիների հնարավորություն է տվել ծանոթանալու հայերի և Լեռնային Ղարաբաղի պատմությանը: Այս փաստաթուղթը լույս է սփռում պատերազմի վրա, շատ քաղաքներում մամուլը խոսում էր ադրբեջանական սարսափելի ագրեսիայի մասին: Այս փաստաթղթին հավանություն տված շատ քաղաքական գործիչներ, լրագրողներ, որոնք գրել են դրա մասին և ես, ստացել ենք բազմաթիվ ադրբեջանական բողոք-նամակներ, երբեմն նույնիսկ սպառնալիքներով: Բայց մենք չենք վախեցել:

-Սպառնալիքներն ադրբեջանական իշխանությունների՞ց էին ու այդ սպառնալիքները Ձեզ հետ չպահեցին այդ նախաձեռնությունից, ի վերջո դուք նաև կին ունեք ու շուտով նաև կծնվի Ձեր փոքրիկը:

-Հիմնականում տարբեր մարդիկ էին գրում: Գրում էին թե քաղաքը իրավունք չունի ճանաչել պետության անկախություն, դա սխալ է, ու նման բաներ: Մենք լավ գիտեինք այդ ամենը, մեր նպատակը հարցը ներքևից վերև բարձրացնելն էր: Շատ էր լինում ինձ զանգում էին այդ քաղաքների քաղաքապետարաններից ու ասում, որ այդ փաստաթղթի մասին պատմող փոստի տակ մեղադրանք ու սպառնալիք են գրել, ասում էի՝ ոչինչ, մի պատասխանեք, մենք ավելի կարևոր բան ունենք անելու: Ամեն դեպքում, շատ քաղաքներ ստորագրել են արդեն այդ փաստաթղթի տակ: Հիմա նույնիսկ թիվը կարող եմ շփոթել, բայց դրանք ավելի քան 20-ն են:

Հետ պահե՞լ, ո՛չ, անշուշտ ո՛չ: Ես ապրում եմ Հայաստանում ու կիսով չափ ինձ հայ եմ զգում ու այս երկրի համար ինչ-որ բան պետք է անեմ, իսկ այդ օրերի իմ աշխատանքը թող ինձ հասանելիք ներդրումը լինի: Իմ հաղթանակն այն է, որ հիմա շատ լրատվամիջոցներ սկսել են խոսել ադրբեջանական ագրեսիայի ու Ղարաբաղի մասին, դա քիչ չէ, քանի որ կրկնում եմ Իտալիան Թուրքիայի հետ ընդհանուր շահ ունի՝ գազատարը:

-Այս ընթացքում ցանկություն չառաջացա՞վ հետ վերադառնալ Իտալիա, ի վերջո  պատերազմ, վախ ու բազում խնդիրներ:

-Ո՛չ, ոչ մի վերադառնալ, ես չեմ վերադառնա, ես իմ ընտանիքի հետ մնալու եմ Հայաստանում ու շարունակելու եմ ապրել Գյումրիում :

/Այս հարցը լսելով կինը՝ Մարիամը անկեղծացավ /

-Եթե նույնիսկ իմ մեջ էր այդ միտքը գալիս, Մաքսն անմիջապես ինձ հետ էր պահում, ծիծաղելով ասում էր՝ դու գնում ես՝ գնա՛, ես չեմ գալու, ես մնալու եմ: Նույնիսկ, երբ ասում էի. Մա՛քս մենք փոքրիկի ենք սպասում, անմիջապես ասում էր, երեխան կծնվի, կտաս իմ մոտ, դու, եթե վախենում ես, գնա, ես Հայաստանից տեղ չեմ գնա: Ընդհանրապես այդ օրերին ես նորովի «բացահայտեցի» ամուսնուս: Չեք պատկերացնում՝ ո՛չ ժամ, ո՛չ զբաղվածություն կարևոր չէր նրա համար, երբ ստանում էր ինֆորմացիան, անմիջապես գործերը թողած սկսում էր դա թարգմանել: Կամ էլ ժամերով՝ ամբողջ օրը առցանց հանդիպումների էր՝ համայնքներին ու իտալացի ժողովրդին ներկայացնելու հարցն ու դրա կարևորությունը: Ճիշտ է, ինչ-որ տեղ նեղվում էի, որ ժամերով դրանով էր զբաղվում, բայց նաև ներքուստ հպարտություն էի զգում:

-Վերջում, նրանց համար, ովքեր նոր են իմացել ձեր մասին, խնդրում ենք մեզ պատմեք ձեր մասին և մի պատմություն Հայաստանում:

-Ես «կրքոտ» եմ մշակույթի հանդեպ. պոեզիան, երաժշտությունն ու քաղաքականությունը իմ կյանքն են: Իտալիայում ես հրատարակել եմ պոեզիայի երեք գիրք: Ես զբաղվում էի քաղաքականությամբ 2008-2017 թվականներին, պաշտոններ էի զբաղեցնում ինչպես մունիցիպալ վարչակազմում, այնպես էլ քաղաքական կուսակցությունում, այդ թվում՝ Արկո քաղաքի մշակույթի փոխքաղաքապետ, որտեղ հիմնադրել և ղեկավարել եմ իտալական ժամանակակից երաժշտության ամենակարևոր փառատոններից մեկը:

2018-ին ես գրեցի երաժշտություն «Տուն ամպերի մեջ» (իրանցի ռեժիսոր Սոհեյլա Մոհեբիի) ֆիլմի համար, որը Վենետիկի 75-րդ միջազգային կինոփառատոնում մրցանակակիր դարձավ: Այժմ ավարտում եմ «Փոքրիկ ռեքվիեմ հայերի համար» պարտիան, որը, հուսով եմ, շուտով կհնչի որպես հարգանքի տուրք հայ ժողովրդին:

2017-ին ես ընդմիշտ տեղափոխվեցի Հայաստան ՝ Գյումրի, որտեղ բացեցի «Կոնջելազիա/Զբոսաշրջություն և դիզայն» B&B և տուրիստական գործակալություն: 2019-ին ամուսնացա Հառիճավանքում ՝ հայուհի Մարիամի հետ:

Հայաստանն այժմ իմ տունն է, և ես կանեմ հնարավոր ամեն բան՝ հմտություններս հասանելի դարձնելով, որպեսզի այս երկիրն աճի:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am