1000х90.jpg (78 KB)

Թեհրանում կորոնավիրուսով վարակված անձանց համար հիվանդանոցային տեղերը սպառվել են

Armenpress 19:40, 12 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի Թեհրան նահանգում այլևս չկան հիվանդանոցային մահճակալներ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նահանգապետ Անուշիրավան Մոհսենի Բանդպեյը:

«Կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոցային մահճակալների թիվը Թեհրանի նահանգում 6 691 է, և այսօրվա դրությամբ դրանք բոլորը զբաղված են»,- ասել է նահանգապետը:

Նրա խոսքով՝ առաջնահերթ կարևոր է այժմ մահճակալների քանակի մեծացումը:

Իրանում կորոնավիրուսի վարակի տարածումը մեծ տեմպեր է ստացել: Ապրիլի 12-ին օրական ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել ՝ 23 հազար 311 դեպք:

Պաշտոնական տվյալներով՝ մինչ օրս երկրում կորոնավիրուսով վարակվել է 2 մլն 93 հազար 452 մարդ, մահացել է 64 հազար 764-ը:

Ապրիլի 3-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ երկրի մի շարք նահանգներում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը: Իրանի քաղաքների մեծ մասում մասնակի կարանտինի ռեժիմ է հայտարարված:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am