Նոյեմբերից 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան. Նիկոլ Փաշինյան

Armenpress 11:58, 8 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ուսուցիչների որակավորման բարձրացման հարցին:

«Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր  ու կարեւոր գործոն ենք ներմուծելու: Այդ գործոնով անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ խթան ենք տալիս ուսուցիչներին: Որովհետև համահարթեցման մոտեցումը տաղանդավորներին զրկում էր մոտիվացիայից ինքնակատարելագործվելու և առաջ շարժվելու: Այս պրոցեսի արդյունքում մենք կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք ի դեպ, ունենալու են հնարավորություն իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնելու: Այսինքն՝ իրենք են իրենց աշխատավարձը բարձրացնելու, ոչ թե կառավարությունը: Այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am