Խաղաղապահները Արցախում նախաձեռնել են «Ընտանիքի պատմությունը հաղթանակի պատմությունն է» ակցիան

Armenpress 11:50, 6 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահների զորախմբի զինծառայողները Արցախի Հանրապետությունում ակցիա են նախաձեռնել՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 76-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ակցիան կրել է «Ընտանիքի պատմությունը հաղթանակի պատմությունն է» խորագիրը: Ակցիայի սկիզբը դրվել է Արցախի Ասկերանի շրջանի Խնաբադ գյուղի 104 զինվորի նվիրված հուշարձանի մոտ, ովքեր զոհվել են 1941-1945 թթ. հիտլերյան կոալիցիայի դեմ մարտերում: Բացի «Ընտանիքի պատմությունը հաղթանակի պատմությունն է» ակցիայից, ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը, համագործակցելով Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ, նախաձեռնել է Արցախից ռազմաճակատ գնացած և Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկների հուշարձանների և հուշակոթողների բարեկարգման աշխատանքներ»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

Արցախում ակցիաները շարունակվելու են մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am