Արցախում սոցաջակցության դիմումների մերժման պատճառները պարզաբանել է նախարարի խորհրդականը

Armenpress 16:33, 5 Ապրիլ, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի քաղաքացիներին 68 հազարական դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության (բացառությամբ՝ 18-63 տարեկան աշխատունակ տղամարդկանց) վճարումների ուշացման, դիմումների մերժման և շահառուների բարձրաձայնած այլ խնդիրների վերաբերյալ «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արաքսյա Գրիգորյանը:

-Տիկին Գրիգորյան, մարտ ամսվա համար 68-հազարական դրամների վճարումների գործընթացի մեկնարկից հետո, շահառուների շրջանում բազմաթիվ հարցեր առաջացան: Մասնավորապես՝ քաղաքացիները նախարարության կողմից ստացան ֆինանսական աջակցության փոխանցման վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն, սակայն բանկային հաշվեհամարներին բացակայում էին գումարները: Բացի այդ՝ կրկին քաղաքացիների հերթեր էին գոյացել Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության Ձեր աշխատասենյակի առջև: Ինչով էին պայմանավորված այդ խնդիրները:

-Նախ նշեմ, որ ի պաշտոնե կոչված եմ ապահովելու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության, գործընկեր գերատեսչությունների, ՀՀ և ԱՀ պետական այլ մարմինների և սոցիալական ծրագրերի շահառու քաղաքացիների միջև կապը: Այդ գործընթացն իրականացվում է քաղաքացիների հետ ամենօրյա հանդիպումների միջոցով՝ մատչելի դարձնելով քաղաքացի և իրավասու կառույցների կապը, հստակ ձևակերպելով խնդիրները՝ համակարգային ու օպերատիվ կարգավորում տալով դրանց:

Մի շարք ծրագրերից բացի, ներկայումս մեկնարկել և ընթացքում է 68 հազար դրամի չափով ֆինանսական աջակցության քառամսյա ծրագիրը: Դրան գումարվեց նաև հյուրընկալության ծրագրի դիմումների մուտքագրման գործընթացի ժամանակահատվածը: Քաղաքացիների հարցադրումները հիմնականում վերաբերում էին այս ծրագրերին:  Հերթը մասնավորապես պայմանավորված էր պետռեգիստրի հետ կապված խնդիրներով, որոնք առկա էին նաև նախորդ ծրագրերի ժամանակ: Այս ընթացքում, թվում էր, թե պետռեգիստրի տվյալների շտեմարանները պետք է բարելաված լինեին, սակայն կրկին բախվեցինք նույն խնդրին, որովհետև տվյալների շտեմարանները չէին թարմացվել: Խնդիրը և օբյեկտիվ է, և սուբյեկտիվ:

Մասնավորապես՝ 68 հազար դրամական աջակցության ծրագրի համար սահմանված են չափորոշիչներ:  Մասնավորապես, շահառու են  հանդիսանում 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ ԱՀ հաշվառում ունեցող քաղաքացիները: Դիմումները լրացվեցին առցանց տարբերակով: Կառավարության որոշմամբ սահմանված էր, որ մարտ ամսվա համար պետք է լրացվեր մինչև մարտի 15-ը, որի մասին բազմաթիվ տարբերակներով ու հնարավոր ձևերով իրազեկման աշխատանք է իրականացվել: Նաև պարզաբանվել էր՝ ովքեր են շահառուները: Քանի որ նախապես տեղյակ էինք՝ ովքեր են լինելու շահառուները, դեռևս այս տարվա  հունվարին քաղաքացիներին կոչ էինք արել՝ հաշվառվել, որպեսզի հետագայում դիմումների ընդունման գործընթացում խնդիրներ չառաջանան: Այդուհանդերձ՝ դիմումները լրացնելուց և ծրագրի մեկնարկից հետո պարզվեց, որ պետռեգիստրում տվյալները չեն թարմացվել: Այդ խնդրով բազմիցս դիմել ենք պետռեգիստրին: Որոշ դեպքերում ներկայացրել ենք նաև դիմում՝ քաղաքացիներից ստացված տվյալները համադրելու և ուսումնասիրելու համար, սակայն խնդիրը չի լուծվել: Նույն մարդը կրկին այդ խնդրով դիմել է մեզ:

-Որոշ շահառուներ գրանցված էին պետռեգիստրում, սակայն դիմումները կամ մերժվել են կամ բանկերի կողմից վճարումն ուշացել է:

-Դիմումները սխալ լրացնելու, անհրաժեշտ փաստաթղթի բացակայության և դիմումներն այս կամ այն խնդրի պատճառով մերժելու վերաբերյալ քաղաքացիները պատշաճ ծանուցվում են իրենց նշած էլեկտրոնային փոստին: Բացի այդ՝ ԱՀ-ում Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության դիմումների և քաղաքացիների սպասարկման կենտրոնի աշխատակիցները պատրաստակամ պատասխանում են բոլոր քաղաքացիների՝ բարձրաձայնած հարցերին, ներկայացնում առաջացած խնդիրների վերաբերյալ պարզաբանում: Այդուհանդերձ՝ քաղաքացիները, մասնավորապես՝ ուշադիր չլինելով իրենց ծանուցումներին, տեղյակ չլինելու պատճառաբանությամբ,  դիմում են մեզ:  Մարտ ամսվա դիմումների մուտքագրման  կամ վերախմբագրման համար շահառուները մոտ մեկ ամիս ժամանակ են ունեցել:  Նույն կերպ՝ արդեն ընթացքում է դիմումների մուտքագրումը ապրիլ ամսվա համար, որը կտևի մինչև ապրիլի 15-ը:

Ինչ վերաբերում է բանկային հաշվեհամարներին աջակցության գումարների ուշ փոխանցման խնդրին, նախ տեղեկացնեմ, որ վճարումները և փոխանցումները կատարվել են մարտի 24-ին. եթե շահառուի քարտին տվյալ գումարը չի նստել, ապա այն պայմանավորված էր բանկային գործընթացով: Քանի որ նախարարությունը ֆինանսական միջոցները փոխանցելով բանկերին՝ շահառուների նշած հեռախոսահամարներին հաղորդագրություններ է ուղարկել:

Այս պարագայում՝ տարածված խնդիր է նաև, երբ քաղաքացիներն իրենց բանկային քարտի տվյալները լրացնելու փոխարեն, երբեմն լրացրել են իրենց բարեկամի կամ հարազատի քարտի տվյալներ: Այս դեպքում՝ եթե քարտապանի և դիմումատուի անունները տարբեր են, ապա աջակցության գումարն այդ  քարտին չի նստելու:  Այս պարագայում շահառուն հնարավորություն ունի անձնագրով մոտենալ բանկ և բանկը նույնականացնելով առձեռն այդ գումարը կվճարի շահառուին: Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ շահառուն իր նշած էլեկտրոնային հասցեով ու գաղտնաբառով կարող է մուտք գործել համակարգ, վերախմբագրել քարտային տվյալները և լրացնել անձամբ իր քարտային տվյալները:  

-Արցախի Հանրապետության նախագահը հայտարարել էր, որ 68 հազարական դրամ աջակցության ծրագրում նաև իրենց բնակավայրերից տեղահանված չափահաս տղամարդիկ կընդգրկվեն: Նման գործընթաց մեկնարկե՞լ է:

- Տեղահանված և չափահաս տղամարդկանց ծրագրում ընդգրկելու վերաբերյալ առայժմ որևէ որոշում չկա: Ինչ վերաբերում է ԱՀ հաշվառում ունեցող, աշխատունակ ու առողջ չափահաս տղամարդկանց ծրագրում չընդգրկելուն, ապա  պետությունն աջակցություն է ցուցաբերում նրանց ընտանիքի անդամներին, իսկ առողջ և աշխատունակ տղամարդիկ կարող են այս ժամանակահատվածում աշխատանք գտնել, վաստակել իրենց գումարը և հետագայում ֆինանսապես կախված չլինել պետական աջակցության ծրագրերից:

-Շահառուները հաճախ բարձրաձայնում են նաև հյուրընկալության ծրագրով նախատեսված աջակցության ուշացման մասին:

-Հյուրընկալության ծրագրի վճարումների ուշացումն Արցախում պայմանավորված է բնակարանների սեփականատերերի վերաբերյալ՝ կադաստրի կողմից տվյալների փոխանցման գործընթացի հապաղմամբ: Առկա են նաև խնդիրներ՝ կապված գրանցում և սեփականատեր հասկացությունները չտարբերակելու հետ: Հյուրընկալության համար նախատեսված պետական աջակցության գումարները փոխանցվում են բացառապես բնակելի տների կամ բնակարանների սեփականատերերին:

- Ինչ պետք է անեն քաղաքացիները՝ Ձեր նշած խնդիրներին հետագայում կրկին չբախվելու համար:

-Նախ՝ ուշադիր լինեն իրենց հաշվառմանը և փաստաթղթերին: Անպայման տեղեկանան պետռեգիստրում գրանցված ու հաշվառված լինելու մասին: Հնարավորինս՝ փորձեն դիմումները լրացնել համակարգչով, որով առավել տեսանելի են մուտքագրված տվյալները: Անպայման ընթերցեն դիմումը լրացնելու ուղեցույցը ու վերստուգեն մուտքագրված տվյալները: Եթե երեխան ունի և ծննդյան վկայական և անձնագիր, ապա լրացնել՝ անձնագրի տվյալները՝ կցելով ծննդյան վկայականը: Տվյալները լրացնելուց հետո անպայման սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» հրահանգը: Բացի այդ, կոչ եմ անում՝ ամենօրյա պարբերականությամբ ստուգել էլեկտրոնային փոստն ու սպամերի բաժինը: Հնարավորինս զերծ մնալ հեռախոսով միանգամից բազմաթիվ քաղաքացիների համար դիմումներ լրացնելուց: Հարցեր առաջանալու դեպքում՝ ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության դիմումների աջակցության բաժինը կաջակցի դիմումները լրացնելու համար:

Հարցազրույցը՝ Վան Նովիկովի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am