Գործադիրը հաստատեց բուհերի 2021/2022 ուստարվա ընդունելության անվճար ուսուցման տեղերը

Armenpress 14:20, 1 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ այդմ՝ բուհերին առաջարկվել է անվճար ուսուցման տեղերի հայտը ներկայացնելիս հաշվի առնել նաև բուհի կարիերայի կենտրոնի վերլուծությունը՝ աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ:

Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր են հատկացվում «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար: 350 տեղ նախատեսվում է հատկացնել ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար: Միջպետական համաձայնագրի շրջանակում ինչպես և նախորդ տարի Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացված տեղերից 5-ը նախատեսվում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար: Ըստ այդմ՝ 2021/2022 ուստարվա ընդունելության համար կառավարությունը հաստատել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 տեղ, որից 88-ը օտարերկրյա քաղաքացիների համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am