Պատմության հետագծով  

Armenpress 09:00, 30 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1853 թ. մարտի 30-ին ծնվել է Վինսենթ վան Գոգը՝ նիդերլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի եւ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Համարվում է արեւմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 յուղաներկ նկար. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին։ Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ, որոնք բնորոշվում են համարձակ գույներով, դրամատիզմով, արտահայտչականությամբ, ինչը նպաստել է ժամանակակից արվեստի սկզբունքների հաստատմանը։ Վան Գոգի ինքնասպանությունը 37 տարեկան հասակում հոգեկան հիվանդության ու աղքատության հետեւանք էր։

-1867 թ. մարտի 30-ին ԱՄՆ-ն 7,2 միլիոն դոլարով Ռուսական կայսրությունից գնեց Ալյասկան եւ Ալեուտյան կղզիները:

-1970 թ. մարտի 30-ին էկրան բարձրացավ Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արեւը» ֆիլմը, որը դարձավ կուլտային:

-1981 թ. մարտի 30-ին ԽՍՀՄ-ն առաջին անգամ անցավ ամառային ժամանակի։

-1989 թ. մարտի 30-ին տեղի է ունեցել Լուվրի բուրգի հանդիսավոր բացումը։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝ Ռիվոլի փողոցի միջեւ։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը: Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ եւ այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Վեներան, Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզան» (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը եւ բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։

-1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ։

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Հայելին պատմության մեջ հայտնվել է դեռեւս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում: Առաջին ապակե հայելիները ստեղծել են հռոմեացիները մ.թ. 1-ին դարում: Միջնադարի սկզբում ապակե հայելիներն անհետանում են, քանի որ բոլոր կրոնական ուղղությունների ղեկավարները հայտարարում են, թե հայելու ապակուց աշխարհին նայում է հենց ինքը՝ սատանան:

-Միջնադարյան Եվրոպայում եթե կնոջ մոտ հայտնաբերում էին ծուռ հայելի, ապա նրան այրում էին խարույկի վրա՝ որպես վհուկի:

-Ֆրանսիացի մի բարոնուհի հրաժարվել է իր ողջ ունեցվածքից, որպեսզի ձեռք բերի իր հավանած հայելին:

-16-րդ դարում մոգերը հայելու միջոցով «կարողանում էին» փոխել ապագան, կանչել հոգիների կամ այլ ծիսակատարություններ անել:

-Ճապոնիայում հայելին ամենապիտանի նվերներից մեկն է:

-Ժամանակակից հոգեբանները խորհուրդ են տալիս ներքին լարվածությունից ազատվելու համար հաճախակի զրուցել հայելու հետ:

Մ. Ա.

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am