1000х90.jpg (78 KB)

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը 500 միլիոն դոլար ներդրումից հետո գնահատվում է 8.3 միլիարդ դոլար

Armenpress 14:45, 29 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan մարտի 26-ին հայտարարեց նոր՝ Series F ներդրումային փուլում  500 միլիոն ներգրավելու մասին։ Ներդրումային այս փուլը գլխավորում են Tiger Global Management-ն ու Sequoia Capital Global Equities-ը՝ H.I.G. Growth Partners-ի մասնակցությամբ։

ServiceTitan-ը ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին։

Այսինքն՝ կենցաղային ցանկացած խնդրի դեպքում` օրինակ, ջրամատակարարման կամ ջրահեռացման, էլեկտրականության սպասարկման և վերանորոգման, ավտոտնակների դռների և բարձր լարման օդորակիչների սպասարկման հետ կապված, ԱՄՆ-ում մարդիկ դիմում են հատուկ ընկերությունների, որոնք ուղարկում են համապատասխան մասնագետների՝ խնդիրը լուծելու համար։

ServiceTitan-ը նոր ծրագիր է տրամադրում նմանատիպ ընկերություններին, որպեսզի որակյալ ծառայություն մատուցեն իրենց հաճախորդներին և հեշտությամբ կառավարեն իրենց բիզնեսը։

Ընկերությունն ունի ավելի քան 7.500 հաճախորդ ընկերություն, որոնց տարեկան եկամուտները միասին կազմում են մոտ 20 միլիարդ դոլար։

ServiceTitan-ը հիմնադրվել է 2013 թվականին՝ Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի կողմից։ Հայաստանում գրասենյակը բացվել է 2018 թվականին։ Այդ ժամանակ ընկերությունը գնահատվում էր 1.65 միլիարդ դոլար, իսկ հիմա, նոր ներդրումից հետո, այն գնահատվում է  8.3 միլիարդ դոլար։

Ընկերությունն այս պահին ունի ավելի քան 1.200 աշխատակից. Հայաստանում աշխատակիցների թիվը հասնում է 150-ի։ Թիմը Հայաստանում շարունակաբար ընդլայնվում է ու բացվում են նոր բաժիններ՝ նոր մասնագիտացումներով։

Ստացված ներդրումն ուղղված է լինելու ընկերության շարունակական աճն ապահովելուն, պրոդուկտը բարելավելուն և թիմում լավագույն մասնագետներին ներգրավելուն։ Իսկ ընկերության հաջողության մասն է շարունակելու կազմել հայաստանյան գրասենյակը, որը շատ ակտիվ ընդլայնվում է ու աշխատանքային նոր մշակույթ ստեղծում Հայաստանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am