Կառավարությունը գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած քաղաքացուն ազատեց զինծառայությունից

Armenpress 12:01, 25 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Արշակ Գագիկի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշում ընդունեց: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Ըստ հիմնավորման, Մինասյանը (ծնվ.՝ 1994 թվականի սեպտեմբերի    16-ին), ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ ստանալով տարկետում, շարունակել է գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը «Երևանէն» գիտակրթական  հիմնադրամում՝  որպես հետազոտող:

2020 թվականի նոյեմբերի 17-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների  թեկնածուի գիտական աստիճան: Աշխատում է Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնում» որպես դասախոս՝ դասավանդելով «Հավանականությունների տեսության հիմնական և լրացուցիչ գլուխներ» առարկան, զբաղվում է գիտատեխնիկական և գիտամանկավարժական գործունեությամբ:

Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am