1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ձեռնտու է համարում և Հայաստանի, և Ադրբեջանի համար

Armenpress 15:57, 20 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի կարծիքով կոմունիկացիաների բացումը փոխշահավետ է Հայաստանի և Ադրբեջանի համար:

«Մենք պետք է առաջ գնանք և այդ առաջ գնալու ձևը այն է, ինչն այսօր գտնվում է քննարկումների փուլում. խոսքը տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացման մասին է: Եթե որևէ մեկը ասի, որ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք: Եթե որևէ մեկը ասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք: Կոմունիկացիաների բացումը, առավել ևս այս իրավիճակում, ձեռնտու է և Հայաստանին, և Ադրբեջանին: Ադրբեջանին ձեռնտու է, որովհետև նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ:  Հայաստանին ձեռնտու է, որովհետև պետք է հուսալի երկաթուղային և ցամաքային կապ ստանանք Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունը էականորեն կարող է փոխվել»,- ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ շատ է խոսվում այն մասին, թե նավթի պաշարները ինչ օգուտներ են տվել Ադրբեջանին: 
Նա նշեց, որ 21-րդ դարի «նավթը» դառնում է պղինձը, որովհետև աշխարհում էլեկտրական շարժիչներով մեքենաները սկսել են լայն տարածում ստանալ և ներքին այրվող շարժիչով մեքենաները ժամանակի ընթացքում դուրս են մղվելու շուկայից: Վարչապետի խոսքով` էլեկտրական շարժիչով մեքենաների շարժիչի ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է, իսկ Հայաստանը ունի պղնձի հսկայական պաշարներ: «Եթե մեզ հաջողվի բացել երկաթուղային ուղիները, այդ դեպքում կկարողանանք ոչ թե պղինձը հանքաքարի տեսքով արտահանել, այլ ստեղծել պղնձաձուլական արտադրություններ և սրանից բխող հետագա վերամշակման շղթան ապահովել»,- եզրափակեց Փաշինյանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am