Արցախի արտգործնախարարը Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերումն ադրբեջանական ֆաշիզմի դրսևորում է համարում

Armenpress 18:04, 18 Մարտ, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այն ինչ հայկական պատմամշակութային հուշարձանների  նկատմամբ իրականացնում է  Ադրբեջանն Արցախի գրաված տարածքներում՝ մշակութային ցեղասպանություն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերմանը:

«Ադրբեջանցիները լավ գիտեն մեր պատմությունը և  այդ եկեղեցու ավերումը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նախագահի և պետության ուղերձն առ այն, որ այդպես են վարվելու եթե կարողանան տիրանալ ամբողջ Արցախին: Հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի այդ  գործողությունները՝ ֆաշիստական քաղաքականության շարունակությունն ու մարմնավորումն  են՝ գարշելի ու վտանգավոր ձևերով: Ադրբեջանցիների այդ գործողությունները ոչնչով չեն տարբերվում նրանից, ինչը Մերձավոր Արևելքում իրականացնում են ահաբեկիչները՝ ոչնչացնելով համաշխարհային կոթողները: Տարբերությունը՝ ավելի վատ ու վտանգավոր, այն է միայն, որ եթե Մերձավոր Արևելքում պատմամշակութային համաշխարհային կոթողները ոչնչացնում են ինչ-որ ահաբեկչական խմբավորումներ, ապա ադրբեջանցիների դեպքում, այդ գործողություններն իրականացվում են պետության կողմից: Ալիևը բացեիբաց, առանց ամաչելու և անկաշկանդ պետական մարմիններին համապատասխան հանձնարարականներ է տալիս՝ օրինակ` հայկական եկեղեցու փորագրությունները ոչնչացնելու վերաբերյալ»,-ասաց Բաբայանը:

 Նրա խոսքով՝ այս հանգամանքը արհամարհանք է միջազգային իրավունքի նկատմամբ: «Բնական է,  մենք ամենուր բարձրաձայնելու ենք՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային կոթողների ավերման մասին, որովհետև սա վտանգ է նաև քաղաքակիրթ մարդկության համար: Այդուհանդերձ՝ քաղաքակիրթ հանրությունն ինքն էլ պետք է քայլեր ձեռնարկի, որովհետև եթե այսօր նրանք ոչնչացնում են Արցախի մշակութային ժառանգությունը, ապա  անպատիժ մնալու և  միջազգային հանրության անտարբերության դեպքում, վաղն իրենց դուռն են թակելու»,-ընդգծեց Արցախի արտգործնախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am