Իրանի նախագահի պնդմամբ՝ երկրում համավարակի 4-րդ ալիքի տարածման հավանականություն կա

Armenpress 14:23, 13 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում դեռևս առկա է կորոնավիրուսային համավարակի չորրորդ ալիքի տարածման հավանականությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Համավարակի չորրորդ ալիքի սպառնալիքը վերացված  չէ: Մինչև այսօր մենք զգույշ ենք եղել, որպեսզի խուսափենք նոր ալիքից, սակայն այդ սպառնալիքը կարող է ցանկացած պահի իրականանալ»,-ասել է Ռոհանին:

Նախագահը հավելել է, որ «Իրանն այս և հաջորդ շաբաթ կբարձրացնի պատվաստումների մակարդակը»:

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը հաղթահարել է երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքը:

Փետրվարի 9-ին Իրանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը, որի շրջանակում կիրառվում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am