ԱԱՏՄ-ն հուլիսի 1-ից կվերահսկի գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը

Armenpress 18:12, 12 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականի հուլիսի 1-ից Աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ կունենա պետական վերահսկողական լիազորություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս թեմայով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմը քննարկում կազմակերպեց Արդյունաբերողների ու գործարարների միության անդամների հետ:

ԱԱՏՄ-ը ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրեց աշխատանքային իրավունքի, այդ թվում աշխատողների անվտանգության վերահսկողության ոլորտում առկա օրենսդրական և այլ խնդիրները:

Ավագյանը խոսքով` 2021 թվականի հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ն կարող է մամուլում հրապարակված տեղեկությունների կամ երրորդ անձից ստացված դիմում-բողոքի հիման` ստուգելու գործատուի կողմից աշխատանքային օրենսգրքի խախտման իսկությունը:

«2021 թվականի հուլիսի 1-ից  շարունակելու ենք իրականացնել վարչական վարույթներ, եթե կլինեն դիմու-բողոքներ, բայց դրան գումարվելու է նաև սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթների հարուցումը»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը իր հերթին ներկայացրեց աշխատանքային իրավունքի ոլորտում պետական վերահսկողությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները:

Արդյունաբերողների ու գործարարների միության անդամները հարցեր ուղղեցին տեսչական մարմնի աշխատակազմին օրենսդրական փոփոխությունների հետ կապված:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am