Նախագահականը հերքում է Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանի մոտ միջնորդ ուղարկելու լուրը

Armenpress 17:47, 9 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հարապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը.

«Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբր  նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: Հերթական անգամ փաստում ենք, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: 

Նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում և զրուցում են,  ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն: Ուստի որևէ  միջնորդի, առավել ևս կեղծ միջնորդի կարիք չկա:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am