Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Armenpress 15:53, 8 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը նշել է, որ կանայք անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը պետության բոլոր ոլորտներում:

«Սիրելի' կանայք, շնորհավորում եմ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Ձեր աշխատանքն ու համառությունը, որոնք մեծագույն հարգանքի են արժանի, կարևորագույն երաշխիքն են՝ դուք, մեր քույրերը, մեր աղջիկները անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտությունից մինչև արվեստ։ Այս ճանապարհին պետությունը լինելու է ձեր կողքին՝ միասին քայլ առ քայլ հաղթահարելու առկա մարտահրավերները»,- նշել է Միրզոյանը:

ԱԺ նախագահն առանձնահատուկ շնորհավորել է այն կանանց, որոնց որդիները, եղբայրներն ու ամուսիններն ընկել են Արցախյան վերջին պատերազմում:

«Չեմ կարող առանձնակի չշնորհավորել մեր հերոս զինվորների հերոս մայրերին, նրանց տիկնանց, քույրերին։ Սիրելի' մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն։ Որդիաբար խնդրում եմ ընդունել Շիրազի տողերը բոլորիս անունից։

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,

Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,

Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս»,- եզրափակել է խորհրդարանի նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am