Հայաստանը տնտեսական ազատության միջազգային ինդեքսում բարելավում է դիրքերը

Armenpress 11:45, 5 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հայաստանը 178 երկրների մեջ 32-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա ինդեքսում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։ 2018 և 2019 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 44-րդ և 47-րդ հորիզոնականներում էր։

2021 թվականի զեկույցը հրապարակվում է Covid-19 համավարակի տարածման պայմաններում համաշխարհային տնտեսության համար ծանր ժամանակներում: «Կորոնավիրուսի համավարակին հակազդելուն զուգահեռ՝ տնտեսական ազատությունն առավել կարևոր է լինելու քան երբևէ», - ասվում է զեկույցում։

Հարավային Կովկասում, ըստ ինդեքսի, տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Վրաստանը՝ 77,2 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը 38-րդ տեղում է։

Վաշինգտոնում հիմնված հեղինակավոր The Heritage Foundation-ը Միացյալ Նահանգների հանրային քաղաքականության ազդեցիկ կառույցներից է համարվում։ Ինդեքսը կազմելիս կազմակերպությունն առաջնորդվում է երկրներում բիզնեսի, աշխատուժի, ֆինանսական, ներդրումային, առևտրային ազատությունների աստիճանով, հարկային քաղաքականությամբ, սեփականության իրավունքի ապահովմամբ, դատական համակարգի արդյունավետությամբ։

Անցնող տարվա նշանակալի իրադարձությունների շրջանակում, ըստ զեկույցի, հայ-ադրբեջանական վեցշաբաթյա պատերազմից հետո ստեղծված նոր իրադրությամբ պայմանավորված՝ ապագայում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հնարավորություն ունեն բարելավելու իրենց տնտեսական ազատությունները դատական արդյունավետության տեսանկյունից։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում միայն Ղազախստանն է Հայաստանի հետ «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին դասվել՝ 71,1 ընդհանուր միավորով այն ինդեքսի 34-րդ հորիզոնականում է։ Միության անդամ մյուս պետություններն էականորեն զիջում են իրենց տնտեսական ազատության ցուցանիշով՝ դասվելով «չափավոր ազատ» երկրների շարքին․ Ռուսաստանը 92-րդ հորիզոնականում է, Բելառուսը` 95-րդ, իսկ Ղրղըզստանը՝ 78-րդ։

«Ազատ» և «հիմնականում ազատ» երկրներում, ըստ զեկույցի, քաղաքացիները համաշխարհային միջինից գրեթե կրկնակի բարձր եկամուտ են ստանում, նաև մոտ 6 անգամ ավելի բարձր եկամուտ «ճնշված» տնտեսությունների համեմատ։ Ազատ տնտեսություն ունեցող երկրների քաղաքացիները նաև որակյալ կրթության, առողջապահական համակարգի, մաքուր շրջակա միջավայրի ավելի մեծ հասանելիություն ունեն։

Ըստ համաթվի, ամենամեծ տնտեսական ազատությունն ունեցող երկրներն են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան։ Վատագույն եռյակում հայտնվել են Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am