Մատենադարանում բացվել է պատերազմի ընթացքում Գանձասարից տարհանված ձեռագրամատյանների ցուցահանդեսը

Armenpress 16:56, 2 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում մարտի 2-ին բացվել է «Արցախի ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված արցախյան ձեռագրերի արժեքավոր նմուշներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկայացված են  անցյալ տարվա 44-օրյա պատերազմի ընթացքում Գանձասարից Երևան տեղափոխված ավելի քան 50 ձեռագիր գրքերի նմուշներ ու արխիվային փաստաթղթեր` ստեղծված Արցախի գրչության կենտրոններ՝ Ամարասում, Գանձասարում, Եղիշե Առաքյալի վանքում, Գտչավանքում, Մեծառանաց Սբ․.Հակոբավանքում, Խադավանքում, Դադիվանքում, Երիցմանկանց վանքում,ինչպես նաև ներկայացված են տպագիր գրքերի նմուշներ  Շուշիից: Մատենադարանում ցուցադրվող ամենահին նմուշը՝ Գանձասարի՝ Հասան Ջալալյաններին պատկանած ձեռագիր ավետարանն է, որը թվագրվում է 13-րդ դարով:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը տեղեկացրեց,որ Գանձասարից ձեռագրանմուշները Երևան են տեղափոխվել անցյալ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում:

«Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, մենք ձեռնամուխ եղանք գիտամշակութային կենտրոնի ցուցադրությունն առավել ապահով վայր տեղափոխելուն:Հատկապես, երբ հակառակորդը գերճշգրիտ հարվածներով թիրախավորում էր Արցախի հոգևոր մշակութային կենտրոնները:Ուստի որոշում կայացրինք ռազմական գործողությունների հատվածից անմիջապես տարհանել բոլոր ձեռագրերն ու տեխնիկական միջոցները: Կամավորների աջակցությամբ մեզ հաջողվեց ցուցանմուշները տեղափոխել Երևան»,-պատմեց Թորոսյանը: Նրա խոսքով Մաշտոցյան Մատենադարանում արցախյան ձեռագրերի ցուցահանդեսը ժամանակավոր է՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում դրանք կրկին տեղափոխելու են Գանձասար։

«Հարկ եմ համարում նշել, որ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը շարունակում է իր գործունեությունը: Ելնելով ստեղծված իրավիճակից մի շարք նոր շեշտադրումներ ենք կատարելու»,-ասաց Թորոսյանը:

«Արցախի ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսի բացմանը՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը կարևորելով ցուցահանդեսի բացումը Երևանում, շնորհակալագրեր է հանձնել  Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում պահվող ձեռագրամատյանների և գույքի տարհանման գործում աջակցություն ցուցաբերած կամավորներին:

Ցուցահանդեսի բացմանը տեղի է ունեցել նաև Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի «Ուտիքի գրչության կենտրոնները» գրքի շնորհանդեսը։ Գրքում ձեռագրական, վիմագրական ու մատենագրական աղբյուրների հիման վրա ներկայացվում են հայ գրավոր մշակույթի հնագույն օրրաններից մեկի՝ Մեծ Հայքի Ուտիք նահանգի գրչության կենտրոնները՝ հիշատակարանային բազմաթիվ տվյալների հրապարակմամբ, որոնք լուսաբանում են նահանգի պատմությանը վերաբերող շատ հարցեր:

«Ուսումնասիրությունը որոշ իմաստով հեղինակի նախորդ՝ «Արցախի գրչության կենտրոնները» գրքի շարունակությունն է, քանի որ խոսքը Հայոց Արևելից կողմանց երկու նահանգների մասին է, որոնցում պատմամշակութային մեծ ընդհանրություններ կան»,-իր

խոսքում նշեց գրքի խմբագիր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը։ Գրքի հավելվածում առաջին անգամ ամբողջական ներկայացվում է Մխիթար Գոշի հայսմավուրքային վարքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am