ՀՀ վարչապետը որոշել է պաշտոնից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին

Armenpress 12:51, 25 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

«Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել է Փաշինյանը: Նա Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ և բոլոր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ:

«Արմենպրես»-ը փորձում է ՀՀ նախագահի աշխատակազմից պարզել Արմեն Սարգսյանի դիրքորոշումը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկության առնչությամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am