1000х90.jpg (78 KB)

Շրի Լանկայի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին առաջարկել է միջկառավարական հանձնաժողով ստեղծել

Armenpress 18:19, 24 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային (նստավայրը՝ ք.Մոսկվա): Հանդիպմանը մասնակցել է նաև Շրի Լանկայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վահան Քերոբյանը շնորհավորել է Միգահալանդ Դուրաջ Լամավանսային Հայաստանում Շրի Լանկայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նաև ողջունել հավատարմագրման նպատակով դեսպանի առաջին այցը Հայաստան՝ մաղթելով հաջող գործունեություն երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:

Անդրադառնալով Հայաստանի և Շրի Լանկայի միջև փոխգործակցության հնարավոր զարգացումներին, նախարարը առանձնակի կարևորել է համագործակցության ձևավորումը տնտեսության տարբեր ոլորտներում։ Նա առաջարկել է դիտարկել Հայաստանում համատեղ ձեռնարկությունների և շրիլանկյան ընկերությունների մասնաճյուղերի ստեղծման հնարավորությունները, ինչը  թույլ կտա վերջիններիս՝ Հայաստանում թողարկված արտադրանքով մուտք գործել երրորդ երկրների շուկաներ։ 

Դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան, իր հերթին, ողջունելով նախարարին՝ նշել է, որ երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ մի շարք հեռանկարային ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար և առաջարկել է դիտարկել միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները՝ տարբեր հեռանկարային ուղղություններով համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

Կողմերը երկուստեք կարևորել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով ուղիղ ավիաչվերթների բացման, ինչպես նաև Շրի Լանկայի լրատվամիջոցների՝ Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպումը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ինչպես նաև ներդրումային ոլորտում հնարավոր համագործակցության հաստատման նպատակով աջակցել գործարար պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպմանը և գործարար համաժողովների անցկացմանը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am