1000х90.jpg (78 KB)

Ընտանեկան բյուջեի վերանայում, ծախսերի կրճատում. հարցախույզը պարզել է, թե ինչպես են պատերազմն ու համավարակն ազդել քաղաքացիների վրա

Armenpress 09:44, 23 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին համավարակն ու դրանից բխող տնտեսական սահմանափակումները, պատերազմը հարվածեցին տարբեր ոլորտների՝ բացասական ազդեցություն թողնելով տարբեր ուղղությունների վրա: Որոշ ուղղությունների վրա բացասական ազդեցությունը զգալի էր, այլ հատվածներ կարողացան ինչ-որ չափով մեղմել իրավիճակը: 2020 թվականի արհավիրքից եկած դժվարությունները շարունակում են մնալ ներկայում, բիզնեսը գոյատևում է, քաղաքացիներն էլ վերանայում են իրենց ծախսերը՝ հույսով, որ շուտով իրավիճակը կփոխվի: Բանջարեղեն, միրգ, չիր վաճառող Կարինե Հովսեփյանը պատերազմի ու համավարակի ազդեցությունը զգում է առևտրի վրա: Նա նշեց, որ մարդիկ զգուշավոր են ծախսում, գնում են խիստ անհրաժեշտ ապրանքները ու քիչ քանակությամբ: 

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Մարդկանց ձեռքը փող չկա: Ես իմ ընտանիքի օրինակն ասեմ: Հիվանդացել ենք կորոնավիրուսով: Նախ` լիքը փող ենք ծախսել բուժվելու վրա, այդ ընթացքում չենք աշխատել, հիմա էլ աշխատում ենք, բայց առևտրում եռուզեռ չկա: Մարդիկ գին են հարցնում, ապրանքը վերցնում-դնում են: Եթե իմ ձեռքը փող քիչ է գալիս, հետևաբար ես քիչ էլ ծախսում եմ: Նախորդ տարիների ակտիվությունը, իհարկե, չկա, բայց այս վիճակն էլ մնա գոհ կլինենք, գոնե ընտանիքի ծախսերը, թեկուզ, սահմանափակ, բայց կարողանում ենք հոգալ»,-  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց տիկին Կարինեն:

Քաղաքացի Օնիկ Սարոյանը, ով շտապում էր և չէր ցանկանում խոսել, միայն նշեց, որ դժվարություններից ելնելով, ընտանիքի մի մասը տեղափոխվում է Ռուսաստան: 

«Պատերազմն էլ, կորոնավիրուսն էլ շատ ծանր են անդրադարձել մեզ վրա, այնքան ծանր, որ հիմա կնոջս ու տղայիս ուղարկում եմ Ռուսաստան աշխատեն, մի երկու կոպեկ ուղարկեն, պարտքերը փակենք: Մեր ընտանիքում հիմա այնպիսի իրավիճակ է, որ սննդի վրա ենք կրճատումներ անում»,-ասաց Օնիկ Սարոյանը: 

Ի տարբերություն նրա, Տաթև Կարապետյանը Հայրենիք է վերադարձել: Նա նոր է եկել Իտալիայից Հայաստան: Ներկայում աշխատանք չունի, սակայն դա չի կապում Հայաստանի հետ: 

«Ես հիմա իմ ծախսերը կրճատել եմ, որովհետև աշխատանք չունեմ, սակայն Հայաստանը դրա հետ կապ չունի: Ցանկացած այլ երկրում էլ, եթե աշխատանք չունես պետք է ծախսերդ վերանայես: Ես իմ Հայրենիքը չեմ թողնելու, աշխատանք եմ գտնելու և աշխատելու եմ: Մենք պետք է ամուր կանգնենք մեր հողում: Ցավում եմ, որ այսքան կորուստ եղավ Արցախում, այդքան զոհեր տվեցինք»,-հավելեց  Տաթև Կարապետյանը:

Քաղաքացիներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, նշեց, որ ծախսերի կրճատումներ միանշանակ կան: Ինչպես ինքն է նշում՝ «մոռացել ենք հագուստի մասին, նույնիսկ սննդի հարցում ենք կրճատումներ անում»:

Ի տարբերություն մյուսների, քաղաքացի Կարեն Կարապետյանը նկատում է, որ իրենց ընտանեկան բյուջեի վրա որևէ ազդեցություն էլ չի թողել, իրենք շարունակում են նախատեսած ծախսերը, այդ ուղղություններով կրճատումներ չունեն: Տիկին Հայկուհին, ով չցանկացավ իր ազգանունը նշել, ասաց, որ չի ընկճվում դժվարություններից, այլ փորձում է ելքեր գտնել: 

«Այո, ժամանցի վայրեր չենք շտապում, թանկացումներ կան, բայց ինչ անենք, բոլոր երկրներում էլ դժվար է, բոլոր երկրներ էլ տուժել են, հիմա պետք է կարողանանք ելքեր գտնել»,-հավելեց նա:

Թոշակառու Աիդա Միլիտոնյանը հիմա գնումներ կատարելիս փորձում է ավելի մատչելի ապրանքներ գտնել: Համավարակով, պատերազմով պայմանավորված դժվար իրավիճակին գումարվել է նաև թանկացումը: 

«Աղջիկ ջան, պետք է յոլա գնանք, ինչ անենք, մենակ թե պատերազմ չլինի: Հիմա մի քիչ պակաս տնտեսական ապրանքներ կամ սնունդ կունենանք, ոչինչ, մենակ խաղաղություն լինի, երկրաշարժ չլինի»,-նշեց Աիդա Միլիտոնյանը:

Բոլոր ուղղություններով կրճատումներ անում է նաև քաղաքացի Կարինե Ասլանյանը: Նա ևս առանձնացնում է գնաճը, թե դեղորայքի, թե սննդի շուկայում: 

«Քանի որ դեղորայքը, սնունդը խիստ անհրաժեշտ են, կոմունալը չենք կարող չվճարել, ստիպված խնայողություններ ավելի շատ անում ենք կենցաղային ապրանքների, հագուստի մասով: Դրանց ավելացել են չնախատեսված ծախսեր դիմակի, ախտահանիչ միջոցների տեսքով: Շատ է դժվարացել վիճակը»,-ասաց նա:

Շատերն են գնում խնայողությունների, սակայն քաղաքացի Լարիսա Տոնոյանը նկատում է, որ դա ավելի շատ հոգեբանական խնդիր է: Մարդիկ անորոշության մեջ են, ու այդ հոգեբանական պահը հանգեցնում է խնայողությունների: 

«Մտածում են քանի կարողանում են աշխատեն, մի քիչ խնայեն, ինչ իմանաս վաղը, մյուս օրը ինչ կլինի: Համավարակի  ժամանակ տեսաք ինչ եղավ, մի գեղեցիկ օր ամեն ինչ փակվեց, օրավարձով աշխատողները փաստի առաջ կանգնեցին: Հիմա երևի նույն վիճակն է: Ամեն դեպքում կարծում եմ ժամանակավոր է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ շատ արագ այս վիճակը կշտկվի:   

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am