Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա…

Armenpress 09:25, 23 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով: Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել: Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր: Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում: Հիմա ես արդեն մենակ չեմ: Դու էլ մենակ չես: Ուրեմն շարունակել խիզախել: Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին…»:

                                                                                                   Մարտիրոս ՍԱՐՅԱՆ

 

Կանցնե՞ր, արդյոք, հայ գեղանկարչության նահապետի մտքով, որ իրեն՝ վրձնի կախարդին փառավորած Մինասի երկրային կյանքին էլ էր քիչ ժամանակ մնացել, որ նա ապրելու էր իր ուսերին առած տասնամյակների կեսը միայն՝ ընդամենը 47 տարի: Բայց այդքանն էլ բավական էր, որ բնատուր տաղանդով օժտված նկարիչը շռնդալից մուտքով ներխուժեր հայ գեղանկարչության խտաբնակ անդաստան եւ իր շքեղ վրանը խփեր այնտեղ: Հայ քանդակագործության հսկան ու նկարիչը՝ Երվանդ Քոչարը, սքանչանալու էր. «Մինասը նկարչական աշխարհում երեւույթ է, նրա նկարները զրնգուն հնչողություն կունենան Փարիզի նման նկարչական արվեստի կենտրոնում՝ արվեստների մայրաքաղաքում…»:

Հայ գեղանկարչական արվեստը մի նոր աստիճանի բարձրացրած Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թ., Ախուրյանի լեռների գոգավորության մեջ ծվարած Ջաջուռ գյուղում: Նրա մայր Սոֆոն կարսեցի քահանայի դուստր էր, հայրը՝ վեց քույրերի միակ եղբայր, մշեցի դարբին Կարապետը: Նկարչի կնոջ՝ Գայանե Մամաջանյանի վկայությամբ՝ մոր փեշերից անբաժան Մինասը մի անգամ որտեղից որտեղ ճարած գունավոր լաթեր է բերել մորը եւ խնդրել, որ դրանք կարի իր հագուստին… Ասել է, թե դեռ այդ հասակից էր նրա ներաշխարհը լցված գույներով…Իսկ Հայրենականի տարիներին Ջաջուռի լեռներում պատահական հանդիպումը նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ բախտորոշ էր լինելու Մինասի համար, եւ նա հասկանալու էր, որ իր կոչումը նկարիչ դառնալն է:

Գեղագիտական կրթությունը ստանում է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետեւ՝ գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա այն շարունակում Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: Հենց այս քաղաքում էլ կազմակերպված խմբակային եւ անհատական ցուցահանդեսներին մասնակցելով՝ Մինասը շռնդալից հաջողություններով մուտք է գործում գեղարվեստի մեծ աշխարհ: Իսկ 1960 թ. Երեւանում բացված առաջին անհատական ցուցահանդեսը տարակարծիք տպավորություն էր թողնելու եւ առիթ դառնալու լուրջ խոսակցությունների: Շատ արվեստագետների համար անընկալելի էր նկարչի անսովոր մտածելակերպը, ու գույները՝ շփոթեցնող: Բայց գալու էր ժամանակը, երբ փարատվելու էր այդ շփոթմունքը՝ վերածվելով հիացմունքի: «Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է,- հետագայում արձագանքելու էր աշխարհահռչակ Գառզուն,- իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է եւ շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ…»:

 Շատ արվեստագետների համար ներշնչանքի առաջին աղբյուրն իր հարազատ ոստանն է, իր բնաշխարհը: Այդպես է նաեւ Մինասի պարագայում. նրա ստեղծագործությունների հիմնական թեման հայրենի եզերքն է, իր ծննդավայրի հրաշագեղ բնությունը, այնտեղ ապրող ու աշխատող մարդիկ, արեւից այրված լեռները, տապից խանձված դաշտերը՝ Հայաստանի բնության խրոխտ ու բանաստեղծական մի անկյունը: Լույսի եւ արեւի պաշտամունք ունեցող գեղագետի կտավներում գերակշռում են կարմիրը, կապույտը, դեղինը, նարնջագույնը: Սակայն ամենապայծառ կտավներում անգամ խտացված թախիծ կա ու տխրություն: Դա ապրումների անդրադարձն է կարոտի, երազի, սիրո: Մանկության օրերին գյուղում ստացած տպավորությունների պայծառ ու գունեղ ցոլացումներն են «Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը» եւ այլ գործերում: Իսկ «Ջաջուռ» պատկերաշարը եւ նույնանուն կտավը, ինչպես գեղարվեստի գիտակներն են փաստում, հայ գեղանկարչության պատմության մեջ նոր շրջան էր խորհրդանշելու:

Հզոր գույների նկարիչը մեծ վարպետությամբ է ստեղծել բազմաթիվ դիմանկարներ՝ Մարտիրոս Սարյան, Կոստան Զարյան, Արմեն Թախտաջյան, այլ դեմքեր:

Լինելով բազմաժանր նկարիչ եւ օժտված անսպառ երեւակայությամբ՝ Մինաս Ավետիսյանն ընդամենը տասնհինգ տարի տեւած ստեղծագործական կյանքում վրձնել է շուրջ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, 20 բարձրարվեստ որմնանկար, որոնք հայտնություն էին հայ գեղանկարչության մեջ: Կերտել է նաեւ իրենց նմանը չունեցող մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձեւավորումներ՝ «Տիկնիկների աշխարհում», «Իսպանուհին. բոլերո», «Ալմաստ», «Գայանե»: Բեմանկարչության ասպարեզում եւս փայլել է նրա տաղանդը՝ «Երեք բալետ-նովել»: «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ,- վկայում է Արամ Խաչատրյանը,- լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ՝ նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով: Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը…»:

Գեղանկարիչն իր ավանդն ունի նաեւ կինոյում՝ աշխատել է որպես նկարիչ Հրանտ Մաթեւոսյանի «Այս կարմիր, կապույտ աշխարհը» ֆիլմում: Մնայուն ու անկորնչելի արժեքներ են Մինասի գրաֆիկական ստեղծագործությունները՝ «Իմ մայրը», «Պատշգամբում», «Տեսիլ», «Զրույց», տասնյակ այլ ստեղծագործություններ:

Տաղանդավոր արվեստագետը մոնումենտալ նկարչության բարձրարվեստ գործեր է ստեղծել մայրաքաղաքի ու Գյումրիի արտադրական ձեռնարկություններում, մշակույթի տներում, հասարակական վայրերում, արարումներ, որոնք միջնադարյան որմնանկարներ են հիշեցնում՝ «Աղբյուրի մոտ», «Թորոս Ռոսլինի ծնունդը», «Հայաստանի լեռներում», «Հայաստան», «Ջուլակուհիներ», այլ կերտումներ: Ցավոք, ութսունութի աղետաբեր երկրաշարժը չխնայեց որմնանկարային գանձերի մի մասը… Ավելին՝ հողին հավասարեցրեց ծննդավայրում գտնվող թանգարանը: Իսկ դրանից տարիներ առաջ ամենակուլ հրդեհը խժռել էր հանճարեղ գեղանկարչի արվեստանոցն ու այնտեղ գտնվող բոլոր գանձերը՝ տարիների ընթացքում արարված արեւային կտավները…

Ճակատագրի դաժան խաղ, որն առավելապես թիրախավորում է մեծերին: Իսկ Մինասի վախճանը, Սեւակի հանգույն, ավելի քան ողբերգական էր: Բանաստեղծի եղերական մահից չորս տարի անց ՝1975 թ. փետրվարի 16-ին, նա եւս ենթարկվում է ավտովթարի եւ դեպքից մեկ շաբաթ անց միանում անմահների երամին, որոնց թռիչքը միտված է դեպի հավերժություն…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am