Տիկնիկային թատրոնում սպասվում են նոր ներկայացումներ. մեկնարկը տրվելու է «Երեք քույր»-ով

Armenpress 14:57, 22 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ընթացիկ տարում հանդես է գալու նոր ներկայացումներով: Թատրոնում նախատեսված են նաև ցուցահանդեսներ, համերգներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ նոր ներկայացումների մեկնարկը տալու են Ա. Պ. Չեխովի «Երեք քույր»-ով:

«Շատ ուրախ եմ, որ թատրոնները, այդ թվում մեր թատրոնը, վերսկսել են իրենց աշխատանքը: Փետրվարի 25-ին և 26-ին հանդիսատեսի դատին կներկայացնենք նոր բեմադրություն՝ Ա. Պ. Չեխովի «Երեք քույր»-ը, որի բեմադրիչը ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է: Ներկայացումը խաղալու ենք ոչ այնքան սովորական ձևաչափով: Ներկայացման մեջ զբաղված են հիմնականում երիտասարդ դերասաններ»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի խոսքով, աշխատանքները սկսվել են դեռ մեկ տարի առաջ, սակայն, համավարակով պայմանավորված, հետաձգվել էին: Այժմ բեմադրական աշխատանքներն ավարտին են հասցվել, և պիեսը ներկայացվում է հանդիսատեսին:

«Պրեմիերան փետրվարի 25-ին և 26-ին է, սակայն տոմսերն արդեն սպառվել են: Սա խոսում է այն մասին, թե հանդիսատեսը որքան կարիք, ձգտում ունի թատրոն այցելելու: Ներկայացման գլխավոր ուղերձն այն է, որ պետք չէ շատ խոսել ապրելու մասին, այլ պետք է պարզապես ապրել, գործել: Չեխովի դրամատուրգիայի ամբողջ էությունն այն է, որ հենց այսօր պետք է ապրել»,- ասաց Սամսոն Մովսեսյանը:

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը չի սահմանափակվելու մեկ նոր ներկայացմամբ: Ռուբեն Բաբայանը նշեց, որ շուտով ներկայացվելու է «Կարմիր գլխարկ»-ի նոր տարբերակը: Այն կներկայացվի ժամակակից շեշտադրումներով, բեմադրելու է թատրոնի ավագ սերնդի ներկայացւոցիչ ռեժիսոր Լարիսա Մանգասարովան: Հիմա արդեն փորձերն ընթանում են, տիկնիկները, դեկորացիան պատրաստ են, մոտ երկու ամսից ներկայացումը կհանձնվի հանգիսատեսի դատին: Թատրոնի երիտասարդ դերասանների մեկն էլ մոնոներկայացում է պատրաստել կոկորդիլոսի մասին: Ռուբեն Բաբայանը նշեց, որ ինտերակտիվ ներկայացում է սպասվում: Ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը ևս մեկ նոր ներկայացում կբեմադրի: Նա աշխատելու է «Հարի Փոթեր»-ի հեղինակ Ջոան Ռոուլինգի հեքիաթների ուղղությամբ: Թատրոնը նախատեսում է այցեր հանրապետության մարզեր և զորմասեր:

«Համավարակը դեռ չի նահանջել, և մենք հետևելու ենք անվտանգության բոլոր կանոններին: Կյանքը շարունակվում է, կունենանք նաև ցուցահանդեսներ, համերգներ: Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն ապրելու է իր բնականոն կյանքով, դռները բաց են լինելու բոլոր տարիքի մարդկանց համար»,-հավելեց Ռուբեն Բաբայանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am