1000х90.jpg (78 KB)

Բայդենը դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը. ԶԼՄ

Armenpress 17:54, 21 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Դոնալդ Թրամփի օրոք Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցների մեղմացման հնարավորությունը՝ միջուկային գործարքը «վերակենդանացնելու» ձգտումով, հայտնում է Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, պարբերականը նշում է, որ «չնայած Բայդենի վարչակազմը պնդում է, որ ցանկանում է սկզբում նստել բանակցությունների սեղանի շուրջ, կան նշաններ, որ պատժամիջոցների մեղմացումը սարերի հետևում չէ»:

«Պատժամիջոցների մեղմացումը որոշակիորեն մոտ է։ Այսօր կամ վաղը չէ։  Բայց այն մոտ է», - թերթին հայտնել է ազգային անվտանգության ոլորտի լավատեղյակ աղբյուրը։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ, հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը մի քանի տարբերակ է քննարկում, թե ինչպես կարելի է հեշտացնել Իրանի ֆինանսական վիճակը՝ առանց այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու:

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հայտնել էր, որ Եվրամիությունը ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի մասնակցությամբ իրանական միջուկային գործարքի շուրջ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու հնարավորության շուրջ: ԱՄՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ շահագրգռված է Իրանի հետ բանակցություններում ԵՄ հովանու ներքո եւ միջազգային միջնորդների «վեցյակի» մասնակցությամբ, որի մեջ մտնում են Մոսկվան եւ Պեկինը: Ի պատասխան Վաշինգտոնի հայտարարության՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ «վեցյակը» դադարել է գոյություն ունենալ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային գործարքից՝ մնացել են միայն հինգ միջնորդներ, եւ նշել է հակաիրանական պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը:

2015 թվականին «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանի միջև կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը ենթադրում է պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխավորություն, երեք տարի էլ գոյություն չունեցավ. 2018-ի մայիսին ԱՄՆ-ը հայտարարել էր դրանից միակողմանի դուրս գալու եւ Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:

Իրանը 2019 թվականին, գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց ուղիղ մեկ տարի անց, հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով 2020 թվականի սկզբին միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների, ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am