1000х90.jpg (78 KB)

Անցկացվել է Ոստիկանության արագ շախմատի մրցաշար

Armenpress 16:10, 20 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դինամո» մարզահամալիրում փետրվարի 19-ին անցկացվել է Ոստիկանության արագ շախմատի մրցաշար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի գրասենյակից:

Մրցաշարին մասնակցել են ՀՀ ոստիկանության 17 ստորաբաժանումների և Արցախի Հանրապետության ոստիկանության հավաքական թիմերը: Մրցաշարի փակմանը և մրցանակների հանձնմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նա իր խոսքում կարևորել է ոստիկակական համակարգում շախմատի հանդեպ սերն ու հետաքրքրությունը, որի ընդլայնմանն է ուղղված նաև այս ավանդական մրցաշարը:

ՀՀ «Դինամո» մարզական ընկերության փոխտնօրեն, գնդապետ Արմեն Մկրտչյանի հետ միասին Մխիթար Հայրապետյանը հաղթողներին հանձնել է մրցանակները:

Թիմային պայքարում լավագույններն էին Ոստիկանության կրթահամալիրի, Երևան քաղաքի վարչության և Արարատի մարզի հավաքական թիմերը: Անահատական մրցման մեջ առաջին եռյակում էին Արտաշես Հովհաննիսյանը (ԵՔՎ), Հայկ Կուծանյանը (Կրթահամալիր) և Արմենակ Գևորգյանը (ԵՔՎ):

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայկ Փարսադանյանի անվան մրցանակ է հանձնել Արցախի հավաքական թիմի մասնակից Մանանա Ծատրյանին:

ՀՀ ոստիկանության, Երևանի շախմատի ֆեդերացիայի և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության միջև համագործակցությունը շարունակական է լինելու:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am