Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և PROFAL-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Armenpress 10:34, 19 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն՝ ի դեմս ռեկտոր Վարդան Ուռուտյանի և PROFAL ընկերությունն՝ ի դեմս գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի փետրվարի 18-ին համագործակցության հուշագիր են կնքել:

Համաձայն հուշագրի` կողմերը միավորում են իրենց ջանքերը, միջոցներն ու փորձը նպաստելու մասնագիտական կրթության զարգացմանը, ստեղծելու երիտասարդ մասնագետների համար գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին աշխատանքի ապահովման և կարիերայի զարգացման հնարավորություններ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկաներին ողջունելով՝  ընդգծեց  բիզնեսի և ուսումնական հաստատությունների միջև սերտ համագործակցության կաևորությունը. «Ողջունելի է Ագրարային համալսարանի հետ համագործակցելու PROFAL ընկերության պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը,  ինչի համար շնորհակալ եմ Ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանին: Մենք շատ ենք  կարևորում ուսանողների և պոտենցիալ գործատուների միջև կապերի ստեղծումն ու ամրապնդումը: Հատկապես այս փուլում, երբ բարեփոխում  և արդիականցում ենք մեր կրթական ծրագրերը, նման համագործակցությունները կարող են նպաստել ուսանողների  ակտիվ  ներգրավածությանը պրակտիկ ոլորտներում: Այսօր ուսումնական պրակտիկաներից բացի, մենք կազմակերպում ենք նաև աշխատանքի տոնավաճառներ, տարատեսակ միջոցառումներ, որոնք ևս հնարավորություն կտան հավաքագրել անհրաժեշտ կադրեր ու մասնագետներ: Պատրաստ ենք համագործակցել ոչ միայն գործնական դաշտում, այլև տարբեր գիտահետազոտական, կրթական և այլ ծրագրերի շրջանակում»:

Ռեկտորն իր խոսքում հավելեց, որ Ագրարային համալսարանում կա «Աշխատանքային կիսամյակ», որն  ուսանողն ամբողջությամբ անցկացնում է գործատուի մոտ, և այս հուշագիրը շատ լավ հնարավորություն է ստեղծում այդ համատեքստում։

PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ասաց.  «Նախևառաջ՝ շնորհակալ եմ մեր նախաձեռնությունը ողջունելու և  մեզ հյուրընկալելու համար: Առաջիկայում PROFAL-ը բազմաթիվ խոշոր նախագծեր ունի, ընկերությունն արդեն զարգացնում է կոնկրետ ուղղություններ, ուստի նոր մասնագետների պահանջարկ միշտ կա: Մենք  համապատասխան ոլորտներում երիտասարդների ներուժն ու տաղանդը բացահայտելու և դրան  գործի դնելու հարթակներ ստեղծելու պատրաստակամություն ենք հայտում: Վստահ եմ, որ մեր թիմերի ուժերի համախմբումն երկուստեք կտա դրական արդյունքներ: Երկու կողմերի  կարողությունների  միավորման արդյունքում մեր ընկերությունը կկարողանա ներգրավել երիտասարդ և հեռանկարային մասնագետների, իսկ Ագրարային համալսարանի ուսանողներն էլ փորձի փոխանակման, պրակտիկ գիտելիքների ձեռք բերման և, իհարկե, իրենց մասնագիտությամբ մրցունակ աշխատանք ունենալու հնարավորություն կստանան»:

Համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնես և տնտեսագիտություն, Ագրոնոմիկա, Ագրարային ճարտարագիտություն ֆակուլտետների ղեկավարները, որոնք իրենց հերթին փաստեցին, որ մասնավորի և բուհի նման ձևաչափի համարգործակցության արդյունքում ուսանողները կկարողանան տեսական գիտելիքները կիրառել աշխատանքւոմ  և ձեռք բերել նաև պրակտիկ հմտություններ:

Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում հանդիպել և քննարկել կրթության, մասնագետների փոխանակման և այլ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ համատեղ միջոցառումներն ու համագործակցության ծրագրերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am