Մասնագետը ՀՀ-ում նորակառույց շենքերի սեյսմակայունության առումով խնդիրներ չի տեսնում

Armenpress 15:05, 18 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը կարևորում է Հայաստանում առկա բազմաբնակարան շենքերի 70-75 տոկոսի արդիականացումն ու վերակառուցումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ադամյանն ասաց, որ Հայաստանի տարածքը գերակշիռ մասով գտնվում է սեյսմիկ բարձր գոտում, այդ թվում՝ նաև Երևանը:

«1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, 1994 թվականին մշակվել էին սեյսմիկ կայունության շինարարության նախագծի նորմեր: Դրանք 3 անգամ լրամշակվել են, վերջինն ավարտվել է 2020 թվականին: Հայաստանի բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը՝ 70-75 տոկոսը, կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին: Դրանք չեն համապատասխանում կառուցապատման գործող նորմերին: Այդ շենքերի փոքր մասում իրականացվել է վերակառուցում և ամրացում, իսկ մյուս մասը ենթակա է ապամոնտաժման»,- նշեց Ադամյանը: 

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքի շենքերի 25-30 տոկոսն է բավարարում նախագծային նորմերին: Դրանք հատուկ տեխնոլոգիաներով նոր կառուցվող շենք-շինություններն են. ներկայում կառուցվող բոլոր շենքերը համապատասխանեցվում են առկա նորմերին, այժմյան շենքերի նախագծման նորմերը ենթադրում են 9 բալին համարժեք կառուցապատում: Բազմաբնակարան շենքերը երկրաշարժադիմացկուն են կառուցվում:

Մասնագետը շեշտեց, որ արդեն շուրջ 10-12 տարի իրականացվում են վերակառուցման բացառիկ ծրագրեր՝ հատկապես հանրակրթական օբյեկտների մասով: «Ավելի անտեսված վիճակում է մեր բազմաբնակարան շենքերի ֆոնդը: Բազմաբնակարան շենքերի արդիականացումն ու վերանայումն այսօր շատ կարևոր է»,- նշեց Ադամյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am