Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը հոսպիտալացվել է

Armenpress 20:41, 17 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ 99-ամյա դուքս Ֆիլիպը վատ ինքնազգացողության պատճառով, բժիշկների խորհրդով,տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

Նախատեսվում է, որ նա մի քանի օր կմնա հիվանդանոցում:

Reuters-ը հայտնում է, որ արքայազն Ֆիլիպը բուժհաստատություն է եկել սովորական մեքենայով և ներս է մտել առանց որևէ մեկի օգնության: Գործակալության աղբյուրները նաև հայտնում են, որ նրա հոսպիտալացումը որևէ կերպ կապված չէ կորոնավիրուսային վարակի հետ:

Հունվարի 9-ին հայտնի էր դարձել, որ թագավորական զույգը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ընդ որում, հայտնի չէ, թե որ պատվաստանյութն է նրանց ներարկվել և արդյոք նրանց ստացել են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am