Արցախում քաղպաշտպանության ժամանակ դրսևորած պաշտոնեական անփութության դեպքով քրեական գործ է հարուցվել

Armenpress 13:52, 17 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ քաղաքացիական պաշտպանության ժամանակ պաշտոնական անփութության դեպքի առթիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի զինված հարձակման ընթացքում և Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարությունից հետո  պահպանվող ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում Արցախի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ պարտավոր լինելով իրականացնել նյութական և մշակութային արժեքների տարհանում, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով չեն կատարել հիշյալ պարտականությունները կամ դրանք կատարել են ոչ պատշաճ: Դրա հետևանքով բռնազավթված, ինչպես նաև համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանի Հանրապետությանը հանձնված՝ Արցախի Հանրապետության համայնքներում մնացել է առանձնապես խոշոր չափերով պետական սեփականություն հանդիսացող անշարժ և շարժական գույք, պատմամշակութային արժեքներ` այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով և ըստ քննչական ենթակայության ուղարկվել Արցախի Հանրապետության քննչական կոմիտե»,- հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am