«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն»-ը հայտարարում է դրամաշնորհների տրամադրման մրցույթ

Armenpress 10:39, 16 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը հայտարարում է անհատական  հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ /տեղադրված է www.cpeer.am  կայքում/: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Դրամաշնորհները տրվում են այն հետազոտողներին, որոնք աշխատում են կրթական, հետազոտական և խորհրդատվական կազմակերպություններում, ունեն առնվազն  տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և ներկայացվող հետազոտական թեմայով հրատարակված աշխատանքներ: Ծրագրերը ֆինանսավորվում են առավելագույնը երկու տարվա տևողությամբ մինչև 8մլն. դրամի սահմաններում:

Ֆինանսավորման համար կենտրոն ներկայացվող հետազոտական ծրագրերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին:

Հստակ սահմանված լինեն հետազոտության արդիականությունը, նպատակը և այն խնդիրները, որոնց լուծման միջոցով պետք է ապահովվի  հետազոտության նպատակի իրագործումը: Ներկայացվեն հետազոտությունից ակնկալվող արդյունքները և դրանց գիտա-գործնական և կրթական նշանակությունը: Ներկայացվեն հետազոտության իրականացման քանակական և որակական մեթոդները և գործիքակազմը : Ներկայացվի հետազոտության իրականացման աշխատանքային ծրագիրը՝ յուրաքանչյուր 6 ամսվա համար և յուրաքանչյուր փուլի համար ակնկալվող արդյունքները: Հետազոտության արդյունքների պարբերաբար հրատարակում, իսկ ավարտից հետո ավարտական հաշվետվության ներկայացում, այդ թվում՝ գիտաժողովի կամ սեմինարի միջոցով: Հետազոտության իրականացման ծախսերի ներկայացում՝ ըստ հիմնական ուղղությունների:

Ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կենտրոնը ընդունում է համապատասխան դիմումն ընդունելուց հետո՝ առավելագույնը 20 օրվա ընթացքում: Ծրագրերը կարող են վերադարձվել դիմամատուին՝ լրացուցիչ պարզաբանումներ և լրացումներ կատարելու՝ հիմնադրամի կողմից սահմանված չափանիշներին բավարարելու համար: Նույն դիմումը կրկին ներկայացնելու դեպքում կենտրոնը իր որոշման մասին դիմումատուին հայտնում է 7 օրվա ընթացքում:

Կենտրոնի կողմից հետազոտական աշխատանքների համար վճարումները իրականացվում են փուլերով և հավասար չափաբաժիններով՝ առաջինը կանխավճարն է, հաջորդ փուլերը՝ յուրաքանչյուր 6 ամիս՝ համապատասխան հաշվետվությունը ներկայացնելուց հետո: Ֆինանսավորումը առաջին փուլից հետո իրականացվում է յուրաքանչյուր փուլի համար նախատեսած արդյունքները ըստ տեխնիկական առաջադրանքի  ներկայացնելու և կենտրոնի կողմից ընդունելու դեպքում:

   Առաջարկությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 15-ը:

   Առաջարկությունները կարող են ներկայացվել info@cpeer.am էլեկտրոնային հասցեով:

   Կոնտակտային հեռախոսներ՝ Քաղաքային հեռախոս։ 011 509 400                                                 Բջջային հեռախոս։        033 500598 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am