ԱՄՆ-ում փրկել են 33 օր անմարդաբնակ կղզում ապրած երեք մարդու

Armenpress 19:30, 10 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Կուբայի երեք քաղաքացիների է տարհանել Բահամներում գտնվող անմարդաբնակ կղզուց, որոնք այնտեղ, ենթադրաբար, անցկացրել են 33 օր, հայտնում է գերատեսչությունը:

«Առափնյա պահպանությունը երեքշաբթի օրը փրկել Է Կուբայի երեք քաղաքացիների, որոնք, ըստ առկա տեղեկությունների, 33 օր շարունակ գտնվել են Անգիլյա-քեյում, Բահամյան կղզիներում»,-ասված է հայտարարության մեջ, որը զետեղված է ԱՄՆ առափնյա պահպանության 7-րդ շրջանի կայքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  ծառայության թռիչքային անձնակազմերից մեկը «սովորական պարեկության» ժամանակ նկատել է ինքնաշեն դրոշ թափահարող մարդկանց։ Փրկարարները մարդկանց ուտելիք, ջուր և ռադիո են նետել՝ կապ հաստատելու համար։ Դեպքի վայր ժամանած ևս մեկ ուղղաթիռ կուբացիներին հասցրել է Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթ քաղաքի մոտ գտնվող բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնել է ծառայության ներկայացուցիչ Ջասթին Դոհերթին, կուբացի երկու տղամարդ և մեկ կին հայտնվել են անմարդաբնակ կղզում այն բանից հետո, երբ նրանց նավակը շրջվել է։ Նրա խոսքով՝ նա ապշած է եղել, որ նրանք «նման լավ վիճակում են», հաղորդում է WPLG հեռուստաալիքը։ Նրանք, հավանաբար, սնվել են կոկոսներով, նշել է Դոհերթին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am