Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը

Armenpress 11:08, 9 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թադևոսյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:

«Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացված բաց քվեարկության արդյունքներով ԱԺ-ին է առաջարկվում Վճռաբեկ դատարանի նախագահի այն թեկնածուն, որը ստացել է ԲԴԽ անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայները»,- ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորաես կատարող Ստեփան Միքայելյանը՝ նշելով, որ առավելագույն ձայներ ստացած թեկնածուն Լիլիթ Թադևոսյանն է:

Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ.,  Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am