1000х90.jpg (78 KB)

Զարգացած են համարվում այն երկրները, որոնք երեխայի կրթության ավելի ցածր տարիք են ֆիքսում. Նիկոլ Փաշինյան

Armenpress 15:41, 4 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն կրթությամբ հնարավոր չէ լուծել բոլոր հարցերը, բայց չկա որևէ խնդիր, որի լուծումը հնարավոր է առանց կրթական բաղադրիչի՝ սկսած քաղաքականությունից՝ շարունակելով օրենսդրական համակարգ, զինված ուժեր: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հանրակրթության պետական նոր չափորոշիչին, որն ընդունվեց այսօրվա նիստում:

«Կրթության չափորոշիչի այս ընդունումը համարում եմ կարևորագույն ռեֆորմներից մեկը և շատ կարևոր եմ համարում, որ ունեցել ենք կամք այս պայմաններում այս ռեֆորմը հասցնելու այս կետին: Կարևոր եմ համարում դա շարունակելը: Պարզ է, որ լինելու են բազմաթիվ քննադատություններ՝ ընդհուպ մինչև ինչպես կարելի է գնահատման համակարգից հրաժարվել, բայց սա համապարփակ ծրագիր է ու պետք  է իրականացնել՝ ավելի մեծ շեշտը դնելով աշակերտի կարիքների, նախասիրությունների վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ պետք է ուշադիր լինել, թե երեխան դպրոցում ինչի վրա է ծախսում  ժամանակը: «Ինչ գիտելիք ու հմտություն զարգացնելու վրա ենք ժամանակը օգտագործում, քանի որ դա 15-20 տարի հետո արտահայտվելու է մեր իրականության մեջ,  տեխնոլոգիական ապրանք ունենք, թե չունենք: Այն, ինչին 12 տարում հասնում ենք՝ կարող ենք հասնել ինը տարում, բայց իննամյա պլանը մեզ չի բավարարում: Մենք ասում ենք՝ ոչ թե ինը տարի դարձնենք, այլ երեխայի ժամանակը լրացնենք այնպես, որ տասներկու տարում 50 տոկոս ավելի արդյունք ունենանք: Կարևոր է նաև արձանագրել, որ ժամանակակից աշխարհում երեխայի կրթությունը սկսվում է ոչ թե դպրոցից, այլ նախակրթարանից ու զարգացած են համարվում այն երկրները, որոնք երեխայի կրթության ավելի ցածր տարիք են ֆիքսում», - ասաց նա՝ հավելելով, որ Ազգային ժողովի օրակարգում է նաև «Բարձրագույն կրթության մասին» օրենքը: «Սա մեկ ամբողջության մեջ պետք է դիտարկել»,- ընդգծեց նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am