«Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների շուրջ աղմուկի պատճառները վերացվել են. նախարար

Armenpress 14:07, 4 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում  Հանրակրթության պետական նոր չափորոշիչի հետ կապված նախագիծը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց անդրադառնալ նաև «Հայ եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն» ու «Հայ գրականություն» առարկաների շուրջ բարձրացված աղմուկին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրեց, որ այդ աղմուկը, որ կար այդ հարցերի շուրջ, այս պահին չկա:

«Այս պահին ասելով՝ նկատի ունեք դահլիճո՞ւմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կատակեց Նիկոլ Փաշինյանը:

«Նկատի ունեմ վերջին մեկուկես ամսվա ընթացքում: Հիմա «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թեմայով քննարկումների մեջ ենք: Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն»  առարկաներին, ապա միասնական հանդիպում է եղել ԳԱԱ մեր գործընկերների հետ, քննարկել ենք ու հասկացել, թե իրական աղմուկն ինչի շուրջ էր: Այդ պատճառները վերացված են, այլևս չկան այն առիթները, որպեսզի աղմուկը զարգանա: Անցել ենք գործնական փուլ, ու որևէ կոնֆլիկտ գոյություն չունի այս ժամանակահատվածում», - ասաց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am