1000х90.jpg (78 KB)

Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» կինոնկարն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Armenpress 11:12, 4 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» կարճամետրաժ կինոնկարը ներառվել է Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնի (Festival International du court métrage de Clermont-Ferrand) մրցութային ծրագրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն  է տարածել Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնը (Festival International du court métrage de Clermont-Ferrand) կարճամետրաժ ֆիլմերի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոnներից մեկն է, որն անցկացվում է Ֆրանսիայի Կլերմոն Ֆերան քաղաքում և ունի կարճամետրաժ կինոնկարների ամենամեծ կինոշուկան: Այս տարի դրան  մասնակցում է 9 հայկական ֆիլմ: 5-ը նկարահանվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

 «Շեմից այն կողմը» Իսանյանսի դեբյուտային աշխատանքն է, սոցիալական դրամա է, որը 2019 թվականին ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը:

 Ոստիկանության դիմած անձն անտեսվում է ոստիկանների կողմից, ոստիկանների ոչ օբյեկտիվ և նույնիսկ հեգնական վերաբերմունք է նկատվում նրա նկատմամբ: Նման վերաբերմունքի է արժանանում նաև երիտասարդ ոստիկանը՝ Արմենը, որն անհանգստանում է տուժածի համար: Մյուս երկու ոստիկանները վնասողի հանդեպ համակրանք են տածում: Այս ընթացքում չենք տեսնում տուժածին, սակայն ոստիկանների խոսակցությունից հասկանում ենք նրա կին լինելը և այն, որ փախել է տնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am