«Ազատություն». Clocker ռոք խումբը երաժշտասերներին է ներկայացրել իր նոր երգը

Armenpress 12:39, 28 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Clocker հայկական ռոք խումբը երկրպագուների դատին է հանձնել «Ազատություն» երգը: Երգի անիմացիան, որի հեղինակը Վահրադ Մելիքջանյանն է, արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստեղծագործությունը խմբի «+-=» ալբոմից է, որը կթողարկվի առաջիկայում:

 «Ինչպես խոստացել էինք. նոր երգի պրեմիերան։ Վայելեք, տարածեք, հայտնեք ձեր կարծիքը։ Հետևի՛ր մեզ՝ թարմ նորություններ ստանալու համար»,- գրել են խմբի անդամները «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

 Clocker խմբի հիմնադիրն Ալբերտ Իսահակյանն է, որը նաև Clocker-ի երգերի խոսքերի հեղինակն ու կատարողն է: Խմբի անդամներն ապրում ու ստեղծագործում են Վանաձորում, սակայն հաճախ են հանդես գալիս Երևանի ակումբներում:

Երաժշտասերների լայն շրջանակին ծանոթ են խմբի «Անկյուն», «Մնա», «Արևին», «Չզարմանաս», «Գլխով՝ փափուկ ասֆալտին» և մի շարք այլ գործեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am