1000х90.jpg (78 KB)

200 դպրոցներ ստացել են համակարգչային սարքավորումներ

Armenpress 15:23, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված` սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման  նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրապետության 9 մարզերի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցներում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ընձեռել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Այդ նպատակով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն անհրաժեշտ համակարգչային սարքավորումներ է տրամադրել 101 հիմնական ու միջնակարգ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների, որոնք կարող են հանդես գալ որպես մենթոր դպրոցներ։

Մինչ այդ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա ԿԾԿ ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հաստատությունների ընտրության և այդ հաստատություններում հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։ Մասնավորապես, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանում իրականացվել են համապատասխան կարիքների գնահատում և տվյալների ամփոփում: Առանձնացվել են բոլոր այն ուսումնական հաստատությունները, որտեղ որևէ առարկա չի դասավանդվում ուսուցչի բացակայության պատճառով, կամ այն դասավանդում է հինգ տարուց պակաս այդ առարկան դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցիչը:

Անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմանը զուգահեռ՝ կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով նույն բաղադրիչի շրջանակում ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ, որը գործում է https://heravar.armedu.am/ հեռավար ուսուցման համալիր էջում ներառված https://icttraining.armedu.am/ հարթակում: 2020 թ.-ի ընթացքում հարթակում տեղադրվել է ՏՀՏ վերապատրաստում անցած ուսուցիչների պատրաստած ավելի քան 500 դասընթաց՝ ըստ առարկաների։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am