1000х90.jpg (78 KB)

2021 թվականին ընդլայնվելու է «Հայկական վիրտուալ կամուրջը» ծրագիրը

Armenpress 09:54, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել «Հայկական վիրտուալ կամուրջը» ծրագրի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հիշեցնում է, որ 2020 թվականի օգոստոսի 3-ին մեկնարկեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը»:

Նա շեշտում է, որ ծրագիրը նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոգիական համայնքը աշխարհին կապող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար:

«Այս նպատակն իրագործելու համար «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրկում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձևավորման և ներդրումների ներգրավման ուղղություններով: Ծրագրի ինկուբացիոն բաղադրիչի շրջանակում 2020 թ․ Դրեյփերի համալսարանի համապատասխան ծրագրով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են անցել 13 հայ ձեռներեցներ: Իսկ աքսելերացիոն ծրագրով 15 ընկերություններ 8 շաբաթ տևողությամբ դասընթացներ են անցել համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի լավագույն մասնագետների հետ»,- մանրամասնել է Արշակյանը:

Նա հավելել է, որ 2020 թվականի հունվարի 28-ին ծրագրի մասնակից հաղթող ընկերություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Սիլիկոնյան հովտի վենչուրային ընկերություններին, ներդրողներին և սփյուռքահայ մասնագետներին: Լավագույն ծրագրերը կստանան ներդրումներ:

«2021թ․ ծրագիրը ընդլայնվելու է, շրջանակներն ու մասնակցության թվերը կրկնապատկվելու են: Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ»,- եզրափակել է նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am