1000х90.jpg (78 KB)

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կրթական ծրագրերում մոտ 6000 քաղաքացի է ընդգկվել

Armenpress 09:40, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանին և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հյուրերը նախարարին են ներկայացնել իրականացվող ծրագրերն, ապագա պլանները և պատրաստակամություն հայտնել ներգրավվել նախարարության կրթական ծրագրերում և նոր նախաձեռնություններում:

Նախարարն իր հերթին նշել է, որ 2020 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումներ ունեն. ավելացել է ոլորտի աշխատակիցների թիվը, աճել է  շրջանառությունը։

Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր ունեն Պոլիտեխնիկի հետ կապված։

Միության գործադիր տնօրեն Է. Մուսայելյանը նշել է, որ իրենք ծրագրում են Stаrt Up շարժում սկսել։ «Մասնավոր հատվածի որոշ խնդիրներ փորձելու ենք լուծել համալսարանականների օգնությամբ։ Նոր ծրագրով նախատեսում ենք ձեռներեցության հմտություններ սովորեցնել, համատեղ աշխատանքի տարածք տրամադրել ուսանողներին»,- մասնավորեցրել է Մուսայելյանը։

Հակոբ Արշակյանը կարևորել է նմանատիպ ծրագրերի իրագործումը նաև մարզերում։  Նա նշել է, որ նախարարության տարբեր կրթական ծրագրերում մոտ 6000 քաղաքացի է ընդգկվել, կեսը՝ մարզերից։ «Հիմա անհրաժեշտ է շարունակական ծրագրերի օգնությամբ նպաստել, որպեսզի այդ ծրագրերի շրջանավարտները հենց տեղում՝ իրենց բնակավայրերում, թիմեր ձևավորեն, ընկերություններ ստեղծեն և մարզերը զարգացնեն: Այս բոլոր նախաձեռնություններում խրախուսվում են մասնավոր ընկերությունների հետ գործակցությունը»,- ասել է նախարարը։

Նման ծրագրերի իրականացման առաջնային կարիք կա Կապանում, նաև Արցախում։  Առաջիկայում նախարարը պատրաստվում է մեկնել Արցախ՝ տեղում քննարկելու տեխնոլոգիական ոլորտի զարգացման հնարավորությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am