Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ

Armenpress 21:48, 26 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրախետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա մարտահրավերները և անելիքները, ինչպես նաև ստեղծված իրավիճակում Կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները:

Նախագահի խոսքով՝ առաջիկայում ԱՀ Կառավարության կողմից նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը, որոնք այժմ հստակեցման փուլում են։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ երկրի համար այս բարդ շրջանում պետական իշխանությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը բնակչության առաջնային կարիքներն արագ հոգալու համար՝ դրա հետ մեկտեղ շեշտելով, որ կարճաժամկետ աջակցության ծրագրերի իրականացմանը զուգահեռ լայնածավալ աշխատանքներ են տարվում երկարաժամկետ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության մշակման ուղղությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am