1000х90.jpg (78 KB)

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացումը

Armenpress 18:29, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի  ԳՀ ՀՕՊ ղեկավարության ուղեկցությամբ հունվարի 26-ին եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԶՈՒ ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետ, որտեղից ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ՀՕՊ ուժերի համատեղ ջանքերով իրականացվում է Հայաստանի օդային սահմանների պահպանության մարտական հերթապահություն։

 Պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ շուրջօրյա հերթապահությունն ընթանում է բնականոն հունով, օդային սահմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել։

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության ոլորտում, որպես փոխգործակցության լավագույն օրինակներից մեկը նշելով Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը միասնական ուժերով։

 ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը և հրամանատարական կազմը պաշտպանության նախարարին են ներկայացրել  համատեղ աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am