Խոսրովի արգելոցում իրականացվելու է էկոտուրիզմի նախագիծ. մանրամասնում է ՇՄ նախարարը

Armenpress 18:12, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է Խոսրովի արգելոցում իրականացնել էկոտուրիզմի նախագիծ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ արշավային տուրիզմի տարեշրջանին ընդառաջ արդեն կլինեն հստակ առաջարկներ:

«Մոդելն արդեն պարզ է: Խոսրովի արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակված՝ յուրքանչյուրն իր վճարովի ծառայությունների և տեխնիկական աջակցման փաթեթով: Բնականաբար,  մարդկանց թվի սահմանափակում կլինի, որպեսզի մարդկային գործոնի ազդեցությունը արգելոցի տարածքում նվազագույն լինի: Տարեսկզբից հայտավորվելու են բոլոր տուրիստական օպերատորները, որոնք հետաքրքրված են Խոսրովի արգելոց տուրիստներ տանելու հարցում: Որոշակի վճարումների դիմաց մասնագետները կմատուցեն էկոտուրիզմի ծառայությունները»,-ասաց նախարարը:

Վճարումները կկատարվեն օն-լայն տարբերակով և Խոսրովի արգելոցի կոնկրետ աշխատակիցներ կզբաղվեն էկոտուրիզմի ոլորտի սպասրակմամբ:

Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ նման ծրագիր մշակվում է հանրապետության մյուս արգելոցների ու պարկերի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am